Անհայտ զինյալները սպանել են Կարմիր խաչի 2 աշխատակցի
Եմենում սպանվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երկու աշխատակից: Միջադեպը տեղի է ունեցել Ամրան նահանգում: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:
Հումանիտար կազմակերպության ներկայացուցիչ Ադնան Հիզամի փոխանցմամբ, իր գործընկերներին սպանել են անհայտ զինված անձիք այն ժամանակ, երբ նրանք ավտոմեքենայով վերադառնում էին մայրաքաղաք Սանա:
Օգոստոսի վերջին Եմենի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Ադենում, Կարմիր խաչը իր աշխատանքները դադարեցրեց այն բանից հետո, երբ գրասենյակի կենտրոնակայանի վրա հարձակում էր իրականացվել: Առաքելությունը, մասնավորապես, զրկվել է մեքենաներից, գումարից և սարքավորումներից:
Եմենում հակամարտությունը շարունակվում է գրեթե մեկ տարի: 2015 թվականի հունվարին հուսիները գրավեցին մայրաքաղաք Սանան, ինչի հետևանքով նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին փախավ Ադեն, իսկ մարտին՝ Ադենից Սաուդյան Արաբիա: Մարտի 26-ից Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան օդային հարվածներ սկսեց հուսիների դիրքերի ուղղությամբ: Հուլիսի կեսերին Եմենի իշխանամետ ուժերին հաջողվեց ազատագրել Ադենը, իսկ օգոստոսի 25-ին Սաուդյան Արաբիայի բանակի հատուկ նշանակության ջոկատները ժամանեցին քաղաք՝ անվտանգությունն ապահովելու համար:
Ըստ ՄԱԿ տվյալների՝ հակամարտության ընթացքում Եմենում զոհվել է մոտ 4 հազար մարդ, մեծամասամբ խաղաղ բնակիչներ, մոտ 1.4 մլն քաղաքացի ստիպված էր հեռանալ իր տնից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան