Արարատի մարզում շահագործման է հանձնվել հանարպետության ամենախոշոր սպանդանոցը (լուսանկարներ)
«Այսօր շահագործման հանձնվեց հանարապետությունում ամենախոշոր սպանդանոցը, որի շահագործմամբ հնարավոր կդառնա մեծացնել դեպի հարևան երկիր հատկապես ոչխարի մսի արտահանման ծավալները, ինչը կնպաստի մեր երկրում անասնապահության ոլորտի զարգացմանը», - նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն` այսօր Արարատի մարզի Մասիս համայնքում հայ-իրանական համատեղ «Ոսկե կացին» ընկերության կողմից հիմնադրված սպանդանոցի բացման արարողության ժամանակ:
ԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ սպանդանոցը զբաղեցնում է 2400 քմ տարածք և ունի բոլոր անհրաժեշտ սառնարանային սարքավորումները մսի պահպանությունը իրականացնելու համար: Այն մեկ հերթափոխում կարող է մորթի ենթարկել 1000 գլուխ մանր եղջերավոր և մինչև 200 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ:
Նախարարը նաև հավելել է, որ սպանդանոցում մորթն իրականացվելու է մուսուլմանական «հալալ» կանոնների համաձայն, ինչը մեծապես կնպաստի դեպի մուսուլմանական երկրներ ոչխարի մսի արտահանման խնդրի լուծմանը:
Նախարարն իր խոսքում կարևորել է նաև խելամիտ գնի սահմանման անհրաժեշտությունը, որը երկուստեք շահավետ կլինի։
Ավարտելով իր խոսքը` նախարար Սերգո Կարապետյանը վստահեցրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հնարավորինս կաջակցի նորակառույց սպանդանոցի ամենօրյա աշխատանքների կազմակերպման հարցում:
Ընկերության համասեփականատեր Արմոնդ Հախվերդյանն իր հերթին նշել է, որ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի նաև աշխատանքային մեկ հերթափոխում մինչև 200 գլուխ խոշոր եղջերավոր անասունների մորթը կազմակերպելու հնարավորություն ունեցող հոսքագիծը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մոհամմադ Ռեիսին էլ իր ելույթում ընդգծել է, որ հայկական մսամթերքն իր համային բարձր հատկանիշների շնորհիվ իրանական շուկայում ունի մեծ պահանջարկ, և սպանդանոցի բացումը թույլ կտա Հայաստանից արտահանել որակյալ մսամթերք: Դեսպանը չի բացառել, որ հետագայում Հայաստանի այլ մարզերում հնարավոր է հիմնվեն նույն եղանակով մորթ իրականացնող այլ սպանդանոցներ:
Մինչ այժմ Մասիսի սպանդանոցում փորձնական մորթի են ենթարկվել հանրապետության տարբեր մարզերից, առավելապես Սյունիքից ներկրված ավելի քան 700 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան