Թուրքիան հերթական երկդիմի խաղն է խաղում Սիրիայում
«Իսլամական պետության» վերաբերյալ տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժային կենտրոնների պահվածքը դառնում է կանխատեսելի: «Իսլամական պետության» դեմ պայքարը միավորել է մի շարք երկրներ, որոնք միջազգային կոալիցիայի շրջանակներում իրականացնում են իսլամականների դեմ ռազմական գործողություններ Սիրիայում և Իրաքում:
Ինչ վերաբերում է «Իսլամական պետության» դեմ պայքարի համատեքստում Թուրքիայի վարքագծին, ապա այստեղ ավելի շատ հարցեր են, քան՝ պատասխաններ, որոնք, սակայն, տրամաբանված են ձևավորված տարածաշրջանային իրողության պայմաններում վարվող թուրքական քաղաքականությամբ: Ըստ այդմ՝ կարելի որոշակի եզրահանգումներ անել (Թուրքիան վերջերս է միացել միջազգային կոալիցիային և օդային հարվածներ է հասցնում իսլամականների կայանատեղիներին հիմնականում Սիրիայում):
Օրինակ՝
§ «Իսլամական պետության» դեմ հայտարարված պայքարը, որի առաջնագծում Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն է, չէր կարող անտարբեր թողնել Անկարային:
§ Իր սահմանին (Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի և Իրաքի որոշ հատվածներ) ունենալ իսլամական ծայրահեղ արմատական սկզբունքների վրա կառուցված պետություն, չէր կարող չանհանգստացնել Թուրքիային:
§ Դեպի Սիրիա և Իրաք իսլամականների հիմնական հոսքը ընկած է Թուրքիայով (ինչպես նաև թուրքական տարածքներով է ընկած իսլամականների ետադարձ ճանապարհը): Թուրքական իշխանությունների համար սեփական երկրում աճող իսլամականների ներկայությունը իսկական գլխացավանք է, որից անհրաժեշտ է օր առաջ ձերբազատվել և այլն:
Սակայն ամեն ինչ այդքան էլ հստակ չէ սիրիական հակամարտության մեջ ներգրավված ընդդիմադիր այլ խաղացողների հանդեպ պաշտոնական Անկարայի պահվածքում, ինչն էլ բավական մտահոգիչ է: Խոսքը չի վերաբերում Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ պայքարող սիրիական «չափավոր» ընդդիմադիր ուժերին, որոնց կազմակերպման, ֆինանսավորման և ուղղորդման աշխատանքներին էր լծված Թուրքիան դեռևս սիրիական հակամարտության սկզբնավորման փուլից (2011 թ. մարտ):
Ինչևէ` եթե նախկինում լրատվական ռեսուրսներում շատ էր խոսվում Թուրքիա-«Իսլամական պետություն» կապի մասին, ապա վերջին շրջանում հաճախակի ենք հանդիպում տեղեկություններ՝ մի կողմից սիրիական ընդդիմադիր ճամբարի առանցքային դերակատարների` «Ջաբհաթ ալ-Նուսրա»-ի և «Ահրար աշ-Շամ»-ի, իսկ մյուս կողմից թուրքական իշխանությունների միջև գոյություն ունեցող համագործակցության վերաբերյալ:
Իսլամական ծայրահեղ արմատական գաղափարախոսությամբ առաջնորդվող վերոհիշյալ կառույցները ամենաազդեցիկ խմբավորումներից են ներկայիս սիրիական հակամարտությունում: Սիրիայում «ալ-Կաիդա»-ի պաշտոնական ճյուղավորումը հանդիսացող «Ջաբհաթ ալ-Նուսրա»-ի, և թվաքանակով ամենամեծ իսլամական կառույցը հանդիսացող «Ահրար աշ-Շամ»-ի ջիհադական պայքարի սահմանները ընդգրկում են հիմնականում Սիրիայի հյուսիսային շրջանները (Թուրքիայի հետ սահմանակից շրջանները): Հենց այս կառույցների համագործակցության և ռազմական առաջխաղացման իրողությունը վերջին շրջանում ստիպում է մտածել Թուրքիա-«Ջաբհաթ ալ-Նուսրա»-«Ահրար աշ-Շամ» շարունակվող համագործակցության մասին:
Վերոշհիշյալի վկայությունն է անցած տարվա մարտին Սիրիայի հյուսիս-արևմտյան Լաթակիա նահանգի հայաբնակ Քեսաբի և հարակից գյուղերի վրա սիրիական ընդդիմադիր խմբավորումների (որոնց մեջ էին նաև հիշյալ իսլամական ծայրահեղ արմատական ուժերը) հարձակումը:
Իսլամականների մոտ 5000 հոգուց բաղկացած զորաջակատները Թուրքիայի կողմից անարգել հատելով սահմանը (ընդ որում հենց անմիջապես սահմանային անցակետը)` հարձակվեցին Քեսաբի և շրջակա գյուղերի վրա: Իսլամականների գրոհը ստացավ նաև սահմանամերձ հատվածում տեղակայված թուրքական զորամիավորումների անմիջական աջակցությունը, որոնք կրակ բացելով Սիրիայի տարածքում տեղակայված սիրիական ուժերի, ինչպես նաև իսլամականների դիրքերը հրթիռակոծող սիրիական ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռի վրա, ապահովեցին իսլամականների անվտանգ ներխուժումը սիրիական տարածք:
Այն որ Թուրքիան իր ուշադրության կենտրոնում է պահում հիշյալ իսլամական կառույցներին՝ նկատվեց նաև 2015 թ. սկզբից, երբ ընդդիմադիրները լայնամասշտաբ ռազմական հարձակման անցան մի քանի ուղղություններով` հարձակվելով Թուրքիայի հետ սահմանակից Իդլիբ նահանգի համանուն կենտրոնի և հարարակից բնակավայրերի վրա: Այդ հարձակման առաջնագծում «Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Ահրար աշ-Շամ» կառույցներն էին: 2015 թ. մարտի վերջին Իդլիբ քաղաքը և դեպի արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր անցան ընդդիմադիրների վերահսկողության տակ: 2015 թ. մայիս-հունիս ամիսներին չնվազեցին ընդդիմադիր խմբավորումների ռազմական ակտիվությունը նաև Հալեպի շրջանում` շարունակելով ռմբակոծությունները քաղաքի կառավարական ուժերի կողմից վերահսկվող նաև հայաբնակ թաղամասերի ուղղությամբ:
Ընդդիմադիրների հիշյալ ռազմական հաջողությունները չէր կարող լինել առանց թուրքական իշխանությունների աջակցության:
Սիրիայի հյուսիսում կառավարական ուժերի դեմ պայքարող իսլամականների շրջանում նկատվում են բազմաթիվ թյուրքական ծագում ունեցող իսլամական խմբավորումներ:
Հիմնականում թյուրքերով (թուրքեր, ադրբեջանցիներ, թաթարներ և այն) և չեչեններով համալրված իսլամական ծայրահեղական խմբավորումների թվաքանակի ավելացում նկատվեց հատկապես Հալեպի և Իդլիբի սիրիական նահանգներում և հյուսիսային այլ շրջաններում, հատկապես «Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Ահրար աշ-Շամ» խմբավորումների կազմում:
Վերջիններիս ռազմական, ֆինանսական և այլ բնույթի օժանդակությամբ զբաղվող Թուրքիան իրեն հարող սիրիական տարածքների վերաբերյալ ունի սեփական ծրագրերը (Թուրքիան միշտ փորձել է իր ուշադրության կենտրոնում պահել իր հետ սահմանային սիրիական տարածքները բնակեցնող թուրքոմաններին` փորձելով ամրապնդել վերջիններիս դիրքերն այս տարածքներում՝ ձգտելով խորացնել նրանց նկատմամբ թուրքական իշխանությունների ազդեցությունը:
Դրանով է պայմանավորված նաև սիրիա-թուրքական սահմանագծի երկայնքով Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ծագումով թյուրք իսլամականների թվաքանակի ավելացումն ու ակտիվությունը):
Թուրքական իշխանությունների կողմից թյուրքերով և չեչեններով համալրված հիշյալ իսլամական խմբավորումների ուղղորդման մասին են խոսում նաև այդ կառույցները ղեկավարող մի շարք առանցքային իսլամական լիդերների Թուրքիայում լինելու և սիրիա-թուրքական սահմանամերձ շրջաններում ռազմական ճամբարներ ունենալու փաստերը:
Թուրքիան ներգրավվել է «Իսլամական պետության» դեմ պայքարի մեջ, սակայն գաղտնի կապեր է պահում այլ իսլամական ծայրահեղ արմատական կառույցների հետ, և եթե ուզում ենք համագործակցության եզրեր փնտրել, ապա դրանք տեսանելի են պաշտոնական Անկարայի և «Ջաբհաթ ալ-Նուսրա»-ի և «Ահրար աշ-Շամ»-ի իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների միջև:
Արաբագետ՝ Սարգիս Գրիգորյան