Սևանի հատակից հայտնաբերվել է տասնյակ հազարավոր տարվա վաղեմություն ունեցող զուբրի ոսկոր
Մեծ և փոքր Սևանների մեջտեղում` մոտ 6-7 մետր խորության վրա, հայտնաբերվել է ոսկոր, որը, ամենայն հավանականությամբ զուբրի (բիզոն) ոսկոր է, տասնյակ հազարավոր տարվա վաղեմություն ունի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի դայվինգ դեպարտամենտի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը:
«Պետք է հնարավորինս մեծ ծավալի հետազոտություն անել, քանի որ ալիքները Սևանա լճի հատակն անընդհատ շարժում են, հնարավոր է մի բեկոր այլ հատված տեղափոխված լինի»,- ասաց նա:
Ռ. Մկրտչյանը ասաց, որ տարիների ընթացքում իրենք հայտնաբերել են կենցաղային իրերի մնացորդներ, ոսկոր՝ առաջին անգամ:
Կենսաբանական գիտությունների դոկտոր Նինա Մանասերյանն ասաց, որ գտածոյի վերաբերյալ մանրամասն պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է անել հատուկ անալիզ: Միաժամանակ նշեց, որ նման անալիզի դեպքում ոսկորն ամբողջությամբ քայքայվում է, այսինքն հետազոտությունից հետո հնարավոր է այդ գտածոն ոչնչանա:
Ն. Մանասերյանն ասաց, որ տարածաշրջանում զուբրի մնացորդներ երբեք չեն հայտնաբերվել:
Կենսաբանական գիտությունների թեկնածու Իվան Գաբրիելյանը, ով անձամբ է սուզվում, ասաց, որ ըստ նախնական տվյալների, տաս հազար տարի առաջվա գտածո կարող է լինել:
«Ցանկացած նման գտածո շատ արժեքավոր է, կարևոր է: Մեր առաջնային խնդիրն է պահել, պահպանել այդ նյութերը: Դրա համար պետք է թանգարան, լուրջ գիտական հետզոտություն, երիտասարդ մասնագետների պատրաստում: Այս ամենը կազմակերպելու համար անհրաժեշտ է լուրջ աջակցություն»,- ասաց նա:
«Այաս» ծովային հետազոտությունների ակումբի դայվինգ դեպարտամենտի հրահանգիչ Արտակ Ալմասակյանի խոսքով, իրենք կասկածում են, որ ջրի հատակին կարող է լինել էլի կմախք: Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է հատուկ խումբ՝ համալրված գիտնականներով:
Նա նշեց, որ իրենք ջրի հատակից հայտնաբերել են կառույցների մնացորդներ, փլուզված, մեկուկես-երկու մետրանոց երկրաչափական լավ շարժված քարերի կույտ՝ կամ ամրոց է եղել, կամ որևէ նավահանգստի կառամատույց:
Նախորդող հրապարակում՝
Սևանա լճի հատակից ուղտի գանգ է հայտնաբերվել. ջրասուզորդներ (լուսանկարներ)