«Կարոտ» դաշնամուրային թատրոնի պրեմիերայով կմեկնարկի Համազգային թատրոնի նոր թատերաշրջանը
Սեպտեմբերին մեկնարկում է Համազգային պետական թատրոնի 24-րդ թատերաշրջանը։ Այն կնշանավորվի սեպտեմբերի 5-ի բացառիկ ներկայացմամբ՝ Լուսինե Խաչատրյանի «Կարոտ» դաշնամուրային թատրոնի երևանյան պրեմիերայով: Այս մասին հայտնում են Համազգային թատրոնի մամուլի ծառայությունից:
Համերգ-ներկայացման պրոդյուսերն է Սերգեյ Խաչատրյանը։ Ներկայացման ընթացքում հանդիսականը հայկական երաժշտության միջոցով «ճամփորդում է» հայ մշակույթի էջերով։ Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի ստեղծագործությունները զուգորդվում են նաև հայկական պատմամշակութային արժեքների պատկերաշարով։
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կարոտ» դաշնամուրային թատրոնն արդեն իսկ ներկայացվել և դրական արձագանք է գտել Գերմանիայում ու Ավստրիայում․ այնուամենայնիվ, մեծ սիրով սպասում եմ ներկայացման երևանյան պրեմիերային»,-նշել է դաշնակահար Լուսինե Խաչատրյանը։ Ներկայացման ողջ հասույթը տրամադրվելու է Համազգային թատրոնի շենքի կառուցմանը։
Համազգային թատրոնը նոր թատերաշրջանում հանդես կգա ինչպես պրեմիերաներով, այնպես էլ արդեն հանդիսատեսի սերը վայելող ներկայացումներով։ Հոկտեմբերին Համազգայինի բեմում կրկին կբարձրանա շեքսպիրյան «Համլետը»՝ Վիգեն Չալդրանյանի բեմադրությամբ։
«Թատրոնը շարունակում է իր ակտիվ գործունեությունը, անշուշտ, սպասվում են նոր ներկայացումներ, այդ թվում նաև պարային, հյուրախաղեր և համագործակցային ծրագրեր»,-նշել է Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։
Աշնանը կգործարկվի Համազգային թատրոնի նոր վեբ-կայքը, որում զետեղված կլինի ինչպես թատրոնի, այնպես էլ «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի և նորաբաց թատերական ստուդիայի գործունեության մասին սպառիչ տեղեկատվություն։ Կայքի գլխավոր նորույթն առցանց տոմսերի գնում կատարելու հնարավորությունն է։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա