Վարդան Պետրոսյանն այս պահին գտնվում է մեկուսարանի տարածքից դուրս. փաստաբան
Այսօր քրեակատարողական հիմնարկին է ներկայացվել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի՝ Վարդան Պետրոսյանի դատավճռի հաստատականի վերաբերյալ որոշումը: Panorama.am-ին այս մասին ասաց Վ. Պետրոսյանի պաշտպան, փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:
Ըստ նրա, սա նշանակում է, որ Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով: Այժմ, փաստաբանի խոսքով, Վ. Պետրոսյանը գտնվում է մեկուսարանի տարածքից դուրս, այն վայրում, որտեղ գտնվում են բաց ռեժիմով պատիժ կրողները, կսպասի քրեակատարողական վարչության որոշմանը` հետագա պատիժը բաց ռեժիմով կրելու պայմանների վերաբերյալ, ինչպես նաև որ հիմնարկին է կցված լինելու։
Ն. Բաղդասարյանի խոսքով, ամենայն հավանականությամբ, հենց վաղն էլ քրեակատարողական հիմնարկը կկայացնի համապատասխան որոշումը:
Ավելի վաղ Ն. Բաղդասարյանն ասել էր, որ անզգույշ հանցագործությունների, այդ թվում նաև ավտովթարի գործով կալանավորված անձի նկատմամբ օրինական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո բաց տիպի կալանքի ռեժիմն է գործում, այսինքն մարդն իր պատիժը կրում է ազատության մեջ. «Բաց ռեժիմի դեպքում կալանավորն առավոտյան ութից մինչև երեկոյան ութն ազատության մեջ է ու միայն երեկոյան պետք է ներկայանա և մնա կալանավայրի բաց տարածքում։ Բացի այդ, նախատեսում է բարենպաստ պայմաններ՝ տարեկան վեց ամիս աձակուրդ, վաղաժամկետ ազատման համար դիմելու հնարավորություն, համաներման կիրառում»:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Վարդան Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ: Նրա նկատմամբ պատիժ է նշանակել` ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվել 2013թ. նոյեմբերի 6-ից:
Վերաքննիչ բողոք էր ներկայացրել և մեղադրող դատախազ Ա. Սարգսյանը՝ պահանջելով ավելի խիստ պատիժ նշանակել, և տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը՝ նույն պահանջով, ինչպես նաև ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը: Մայիսի 5-ին վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը: Տուժող կողմը դիմել էր վճռաբեկ դատարան:
Վճռաբեկ բողոքը մերժվել էր:
Նախորդող հրապարակում՝
Ենթադրում ենք՝ այսօր քրեակատարողական հիմնարկը Վարդան Պետրոսյանի վերաբերյալ որոշում կկայացնի. փաստաբան