Իրանն առաջին անգամ իսլամի սուննի ուղղությանը հետևող դեսպան է նշանակել
Իրանն առաջին անգամ իսլամի սուննի ուղղությանը հետևող դեսպան է նշանակել»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ասրիրան.քոմ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ Սալեհ Ադիբին նշանակվել է Կամբոջայում և Վիետնամում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան: Ադիբին քուրդ է, հետևում իսլամի սուննի ուղղությանը:
Դեսպան Ադիբին ԻԻՀ Քրդստան նահանգի նահանգապետարանի կառավարման խորհրդի նիստում ունեցած ելույթում, անդրադառնալով իր նշանակմանը, նշել է, որ դա վկայում է քրդերի նկատմամբ կառավարության առանձնահատուկ ուշադրության մասին:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Իրանի նախագահ Հասան Ռոհանին այցելեց Քրդստան նահանգ, որի շուրջ 2 միլիոն բնակչության 90 տոկոսը քրդեր են:
Այցի ժամանակ Ռոհանին հայտարարվեց, որ այսուհետ Քրդստան նահանգի համալսարաններում կդասավանդվի նաև «քրդերեն լեզու և գրականություն» առարկան, իսկ պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության կայքը նյութեր կթողարկի քրդերեն լեզվով:
Իրանի բնակչության մեծամասնությունը շիաներ են, սուննիները հիմնականում ապրում եմ Խուզեստան (այստեղ զգալի թիվ են կազմում արաբները), Սիստան և Բելուջիստան (այստեղ հիմնականում ապրում են բելուջներ և ֆարսեր) և Արևմտյան Ատրպատական (հիմնականում բնակեցված է քրդերով և ազարիներով) նահանգներում: