Ալի Խամենեի. Եթե պետք է պատժամիջոցները պահպանվեն, ապա ինչո՞ւ էինք բանակցում
«Եթե պետք է պատժամիջոցները պահպանվեն, ապա ինչո՞ւ էինք բանակցում»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդն այսօր Բանիմացների խորհրդի նախագահի և անդամների հետ ունեցած հանդիպմանը, անդրադառնալով Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պահպանման մասին ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններին, մասնավորապես նշել է. «Եթե պետք է պատժամիջոցները պահպանվեն, ապա ինչո՞ւ էինք բանակցում, դա ամբողջովին հակասում է այն պայմաններին, ըստ որոնց՝ Իրանը համաձայնվեց բանակցել, քանի որ բանակցությունների նպատակն այն էր, որ պատժամիջոցները վերացվեն»:
Շարունակելով խոսքը՝ Ալի Խամենեին հավելել է. «Իհարկե՛, մենք ցանկանում էինք, որ պատժամիջոցներն անմիջապես չեղյալ հայտարարվեին, սակայն մեր գործընկերները խնդիրն այնպես ձևակերպեցին, որին մենք չընդդիմացանք, սակայն միևնույնն է, պատժամիջոցները պետք է վերացվեն»:
ԻԻՀ հոգևոր առաջնորդն, անդրադառնալով Մեջլիսում Իրանի և «5+1 խմբի» միջև միջուկային խնդրի կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնությունը քննարկելու հավանականությանը, նշել է. «Այդ հարցը պետք է քննարկեն փորձագետներն ու իրավաբանները, սակայն ես նախագահին էլ եմ ասել, որ նպատակահարմար չէ Մեջլիսին հեռու պահել համաձայնագրի շուրջ ընթացող քննարկումներից, հետևաբար համաձայնագիրը հաստատելու կամ մերժելու հարցում ես Մեջլիսին որևէ խորհուրդ չեմ կարող տալ, ազգի ընտրյալներն իրենք են, իրենք պետք է որոշում կայացնեն»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրերս դեմոկրատ սենատորներին հղած նամակում, անդրադառնալով միջուկային խնդրի կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնությանը, նշել է, որ եթե Իրանը խախտի համաձայնագիրն ու ընթանա միջուկային զենք ձեռք բերելու ճանապարհով, ապա գործի կդրվի խնդրի լուծման ռազմական տարբերակը: Օբաման նաև հավելել է, որ տնտեսական ճնշումներն ու միջուկային ծրագրին չվերաբերող Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հատկապես «Հեզբոլլահին» ցուցաբերվող աջակցությանը վերաբերող պատժամիջոցները կպահպանվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում