Փախստականների ճգնաժամ. «Բոլորն ուզում են Գերմանիա մեկնել»
Հունգարիայի ոստիկանությունը չորեքշաբթի առավոտյան Բուդապեշտի խոշորագույն կայարանում հանել է փախստականների առջև դրված պատնեշը, որն արգելում էր մուտք գործել Գերմանիա և Ավստրիա մեկնող գնացքների վագոններ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Հիմնականում Սիրիայից գաղթած փախստականների հոծ զանգվածները արգելանքների վերացումից հետո անմիջապես տեղավորվել են նախնական տվյալներով երեք գնացքների վագոններում, որոնք այժմ ուղևորվում են դեպի Ավստրիայի սահման:
Նախօրեին Չեխիայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Կատերինա Ռենդլովան հայտարարել էր, որ Չեխիան սիրիացի փախստականներին հնարավորություն կտա անխոչընդոտ ուղևորվել դեպի Գերմանիա: Համաձայն դուբլինյան համաձայնագրի` Հունգարիայից Չեխիա անցած փախստականները մեկ շաբաթից պետք է վերադառնային Հունգարիա, սակայն վերջինս հրաժարվել էր հետ ընդունել նրանց: Պաշտոնական Պրահան, համարելով փախստականների հետագա մնալը Չեխիայի տարածքում «անիմաստ և անարդյունավետ», և նկատի ու առնելով այն, որ Գերմանիան պատրաստակամություն էր հայտնել ընդունել նրանց, փախստականներին պատրաստվում է ուղարկել Գերմանիա:
Գերմանական Die Welt պարբերականի փոխանցմամբ` Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել ընդունել Հունգարիայից, Հունաստանից և Իտալիայից ընդունել 120 հազար փախստականի և նրանց վերաբաշխել ԵՄ երկրներում: Այս որոշման համաձայն Գերմանիան պարտավորվելու է ընդունել ևս 26 հազար փախստականի: