«R.it». Դանիել Հարդինգը և «Լա Սկալա» ֆիլհարմոնիկը Հռոմում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով հանդես կգան
Դանիել Հարդինգը և «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախումբը «Քեզ հետ, Հայաստան» խորագրով համերգային ծրագրով հանդես կգան, որի նպատակն է աշխարհի ուշադրությունը հրավիրել ճիշտ 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստի վրա: Անդրադառնալով համերգային ծրագրին` գրում է իտալական առաջատար «R.it» պորտալը:
Աղբյուրի փոխանցմամբ` «Քեզ հետ, Հայաստան» նախագիծն արդեն իսկ համերգներով է հանդես եկել Երուսաղեմում և բազում այլ մայրաքաղաքներում` Նյու Յորքից մինչև Վիեննա, որոնց մասնակցել են ճանաչված դաշնակահար Եվգենի Կիսինը, ջութակահար Պինկաս Ցուկերմանը և այլ հայտնի երաժիշտներ:
Ինչպես նշվում է, Հռոմում համերգը կկայանա շաբաթ օրը` Սանտա Չեչիլիա ակադեմիայում: Բեմում Բեթհովենի, Անտոնին Դվորակի ստեղծագործությունների հետ մեկտեղ, աղբյուրի փոխանցմամբ, հնչելու է նաև Շոստակովիչի սերնդակից Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» երաժշտությունը:
Պորտալը համերգի կապակցությամբ մեջբերում է նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանի մեկնաբանությունն առ այն, որ «չկա ավելի համամարդկային լեզու, քան երաժշտությունն է, որի միջոցով հնարավոր լինի դիպչել մարդկանց հոգիներին և նրանց պատմել մարդկության դեմ ուղղված այնպիսի հանցագործության մասին, ինչպիսին Ցեղասպանությունն է»:
«Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց էլ մարդկության դեմ իրականացվող հանցագործություններն ամենօրյա լուրերի անբաժան մասն են կազմում: Նկատի ունեմ Իսլամական պետության կողմից իրականացվող գործողությունները, որոնց նկատմամբ մենք անտարբեր չլինելու պարտականություն ունենք: Դա այն է ինչը ես անվանում եմ «հրամայողական հիշողություն». Հիեշել` կանխելու համար և պայմաններ ստեղծել, որ կատարվածը այլևս երբեք տեղի չունենա»,- աղբյուրը մեջբերել է Ս. Ղազարյանի խոսքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա