Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում լինելը. դարի մեծագույն դիրիժորներից Զուբին Մեթա
Այսօր «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում տեղի կունենա իրադարձային համերգ. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը` լեգենդար դիրիժոր Զուբին Մեթայի ղեկավարությամբ։
«Անհավատալի է, որ այստեղ է դարի մեծագույն դիրիժորներից մեկը` Զուբին Մեթան, ով ցանկացած բեմի ամենասիրելի արտիստն է: Իսրայելի նվագախումբն աշխարհի լավագույններից է»,- նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:
Նրա խոսքով, Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Զուբին Մեթայի համերգը ևս մեկ բարձունք է, որը հաղթահարեց փառատոնը: Նա նաև ասել է, որ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգից առաջ այցելելու է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Ասուլիսին ներկա աշխարհահռչակ դիրիժորն իր խոսքում նախ շեշտել է, որ հայերին տաղանդավոր ազգ է համարում, այնուհետև ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է առաջին անգամ Հայաստանում լինելը: Պատիվ է ոչ միայն ինձ, այլև նվագախմբի համար: Ես հայկական համայնքի հետ շատ փոքր շփում եմ ունեցել, իմ հայրը Իվան Ղալամյանի մոտ է սովորել Նյու Յորքում: Հայրս միշտ խոսել է իր մեծագույն ուսուցչի մասին: Ունեմ շատ ուրիշ հայ ծանոթներ Վիեննայում, շփվել եմ նրանց հետ»:
Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը աշխարհի լավագույն նվագախմբերից է, որն արդեն շուրջ 80 տարի գրավում է աշխարհի առաջատար բեմերը, մշակութային օջախները և հյուրընկալվում ամենահեղինակավոր երաժշտական փառատոների կողմից։
Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը աշխարհահռչակ դիրիժոր Զուբին Մեթան է։ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին Զուբին Մեթան հազարավոր համերգներով հանդես է եկել 5 աշխարհամասերի լավագույն բեմերում։ Նա ղեկավարել է և հանդիսանում է աշխարհի առաջատար նվագախմբերի «պատվավոր դիրիժորը», ինչպիսիք են Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն։ Զուբին Մեթան արժանացել է բազմաթիվ տիտղոսների և մրցանակների Երուսաղեմի եբրայական համալսարանի և Վեիզման ինստիտուտի պատվավոր դոկտոր է, Ֆլորենցիայի և Թել Ավիվի պատվավոր քաղաքացի և այլն։ 2011թ-ին Զուբին Մեթան իր անվամբ աստղ է ստացել Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվար»-ում։
«Երևանյան հեռանկարներ» փառատոն անցկացվում է նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, իսկ Իսրայելի Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Զուբին Մեթայի պատմական այցը իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ:
Նախորդող հրապարակում՝
Հայաստանն ընդունելու է անհավանական հյուրերի. «Երևանյան հեռանկարներ»