Վարդան Պետրոսյանը կաշխատի թատրոնում, իսկ երեկոյան պատիժը կկրի «Վարդաշեն»-ում
2013-ի նոյեմբերից անազատության մեջ գտնվող դերասան Վարդան Պետրոսյանը պետք է տեղափոխվի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ էլ կկրի հետագա պատիժը` բաց ռեժիմով: «Քրեակատարողական հիմնարկների վարչության պետը հենց ստորագրի հրամանը, իրեն կտեղափոխեն «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, կդիմենք, որ Պետրոսյանը պատիժը կրի քրեակատարողական հիմնարկի տարածքից դուրս», - Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 2-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր, որ Վարդան Պետրոսյանն այսուհետ պատիժը կրելու է բաց ռեժիմով: Պետրոսյանը, ավելին, երեկ երեկոյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր ժամանակավոր կացարան, որտեղ սպասելու է ՀՀ քրեակատարողական վարչության հանձնաժողովի որոշմանը` հետագա պատիժը բաց ռեժիմով կրելու պայմանների վերաբերյալ: Բաղդասարյանն ասաց, որ այդ որոշմանն իրենք սպասում են այսօր:
Նա նաև տեղեկացրեց, որ Վարդան Պետրոսյանը հայաստանյան թատրոններից մեկից աշխատանքի առաջարկ է ստացել և ընդունել այն: Բաղդասարյանը, սակայն, դժվարացավ հստակեցնել, թե հատկապես որ թատրոնն է աշխատանքի հրավեր արել դերասանին:
«Որպեսզի ինքը պատիժը կրի հիմնարկի տարածքից դուրս նաև նախապայման կա, որ ինքը պարտադիր պետք է աշխատի, այդ պատճառով էլ ստացած առաջարակը ընդունել է», -հավելեց փաստաբանը:
Երբ արդեն վերջնական որոշվի և քրեակատարողական հիմնարկից կարողանա դուրս գալ, փաստաբանի խոսքով, դերասանը զբաղվելու է իր բուժմամբ քաղաքացիական որևէ հիվանդանոցում, քանի որ վթարի հետևանքով առողջական խնդիրներ դեռ կան:
Նշենք, որ բաց ռեժիմի պայմանների դեպքում կալանավորները ՔԿՀ տարածքից դուրս են գալիս առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 20.00-ն բաց են թողնվում քրեակատարողական հիմնարկից ու այդ ընթացքում ազատ են իրենց գործողությունների մեջ: Իսկ երեկոյան նշված ժամին նրանք պետք է վերադառնան կալանավայր և գիշերեն այնտեղ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Վարդան Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ: Նրա նկատմամբ պատիժ է նշանակել` ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվել 2013թ. նոյեմբերի 6-ից:
Հարակից հրապարակում`
Վարդան Պետրոսյանն այս պահին գտնվում է մեկուսարանի տարածքից դուրս. փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան