«The Washington Post». Ադրբեջանը Եվրասիայի վատագույն ոստիկանական պետությունն է
Իլհամ Ալիևը նախորդ տարիներին ձերբակալել է մոտ 100 լրագրողների, բլոգերների, իրավապաշտպանների և ընդդիմադիր գործիչների` իր ռեժիմը մեղմ ավտոկրատիայից վերափոխելով Եվրասիայի վատագույն ոստիկանական պետության: Անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող վատթար իրավիճակին գրում է «The Washington Post»-ի խմբագրակազմը:
Վերջիններիս դիտարկմամբ`օրինակ վերջերս ձերբակալված Խադիջա Իսմայելովայի ձերբակալության պատճառը Ազատություն ռադիոկայանի համար նրա կողմից պատրաստված հետաքննական հոդվածներն էին, որոնցում բացահայտվում էր, թե ինչպես են Ալիևն ու իր ընտանիքը հարստացել պետության հաշվին:
Թերթի խմբագրակազմը նկատում է, որ Իսմայելովան իր դեմ առաջադրված մեղադրանքները համեմատել է այն մեղադրանքների հետ, որոնցում ինքն է մեղադրել Իլհամ Ալիևին, սակայն մեկ տարբերությամբ, որ ինքը բոլոր դեպքերում ներկայացրել է հիմնավոր փաստեր և ապացույցներ, մինչդեռ իր դեմ հարուցված մեղադրանքները կեղծ են և շինծու:
Խմբագիրների խոսքով` Իսմայելովայի եզրափակիչ ճառը կարող է բազմաթիվ ադրբեջանցիների համար լինել ոգեշնչման աղբյուր, եթե նրանք ցանկանում են տեսնել իրենց երկիրը ժողովրդավարության ուղիում:
Խմբագրակազմը համաձայնում է Իսմայելովայի հետ այն հարցում, որ Ալիևի բռնաճնշումների մեքենան վաղ թե ուշ կկործանվի, «եթե Ալիևն ավելի քիչ համբերատար վերաբերմունքի արժանանա Միացյալ Նահանգների և արևմտյան մյուս ժողովրդավարությունների կողմից, որոնք ցանկանում են օգտվել երկրի նավթից ու գազից և մեծ նշանակություն են տալիս Ադրբեջանի հարաբերական անկախությանը Ռուսաստանից»:
Եզրափակելով` «The Washington Post»-ի խմբագրակազմը տարօրինակ է համարում, որ այս ամենից հետո Ադրբեջանը դեռ շարունակում է մնալ ԵԽ անդամ, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտն էլ հանդես չի գալիս Ալիևի և դատավորների համանման վարքը դատապարտող ու պատիժների մասին նախազգուշացնող հայտարարություններով: