Նախագահը հրավիրել է կառավարության արտահերթ նիստ
«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել և վարել է ՀՀ կառավարության պայմանական նիստ, որի ժամանակ նախարարները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականների կատարման ընթացքը, զեկուցել որոշակի իրավիճակներում առաջացած խնդիրների վերաբերյալ և առաջարկություններ ներկայացրել դրանց լուծման ու կառավարման առավել արդյունավետ միջոցների կիրառման ուղղությամբ:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, նիստի սկզբում Նախագահը կառավարության անդամներին ուղղված խոսքում անդրադարձել է իրականացվող զորավարժությունների կարևորությանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր զորավարժություն փորձում է լուծել երկու կարևորագույն խնդիր՝ ուսուցողական և ստուգողական:
Վերջնական նպատակն է՝ պատրաստ լինել իրական իրադարձությունների ծավալման պարագայում ամենաարդյունավետ միջոցներ ձեռնարկելուն՝ երկրի տարածքային ամբողջականության և անվտանգության նկատմամբ ծառացած սպառնալիքը վերացնելու համար: Սերժ Սարգսյանը խոսել է նաև անցկացվող միջոցառումներից հետո դրանց արդյունքների ամփոփման և համապատասխան փաստաթղթերի կազմման անհրաժեշտության մասին, որոնցով կգնահատվի զորավարժությանը մասնակից ստորաբաժանումների և ղեկավարների աշխատանքը, կկազմվեն թերությունների վերացման պլաններ, որոնց իրագործումը ինքնին կդառնա հաջորդ զորավարժությունների նախապատրաստական փուլ:
Կառավարության անդամների զեկույցները լսելուց և համապատասխան որոշումներ կայացնելուց հետո, տրվել են դրանց կատարումն ապահովող համապատասխան հանձնարարականներ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նիստը հրավիրվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում:
Նախորդող`
Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ (լուսանկարներ)