Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է թշնամու գնդակից հրազենային վնասվածք ստացած հոգևորականին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է օգոստոսի 11-ին ԼՂՀ հյուսիս-արևելյան հատվածի զորամասերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից իրականացված հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով գլխի հրազենային վնասվածք ստացած ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գալստյանին` Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հանդիպմանը Նորին Սրբությունն իր օրհնությունն է փոխանցել Հովհաննես սարկավագ Գալստյանին` շուտափույթ ապաքինում մաղթելով նրան:
Վեհափառ Հայրապետը, փառք տալով Երկնավորին, որ Տիրոջ ողորմությամբ կանխվել է Հովհաննես սարկավագի կյանքին սպառնացող վտանգը, շեշտել է, որ Հայ Եկեղեցու ամեն մի հավատացյալ և հոգևորական հպարտ է Հովհաննես սարկավագի դրսևորած արի ոգով ու խիզախ պահվածքով:
Գնահատանքով անդրադառնալով Հայոց բանակում հայ հոգևորականների առաքելությանը` Նորին Սրբությունը նշել է, որ մեծ մխիթարություն է տեսնել` ինչպես են Հայ Եկեղեցու հոգևորականները, ի դեմս Հովհաննես սարկավագի, իրենց նվիրյալ ու նախանձախնդիր ծառայությունն իրականացնում` սպասավորելով հայ զինվորին, անգամ մարտական դիրքերում մշտապես կանգնած լինելով նրա կողքին և նրա հետ հաճախ հայտնվելով կյանքի և մահվան սահմանագծում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակությամբ ողջունել է Հովհաննես սարկավագի որոշումը` շարունակելու իր ծառայությունը Հայոց բանակին և Հայրենիքին:
Ներկայիս Հայոց բանակի հոգևոր առաջնորդության կազմում, ՀՀ և ԼՂՀ տարբեր զորամասերում իրենց ծառայությունն են բերում 52 եկեղեցականներ:
Նախորդող`
Հայր Զաքարիա. Դիվերսիայի հետևանքով վիրավորված սարկավագի վիճակը կայուն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան