Հովհաննիսյան. «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդող կադրերի խնդիր կա
Այս տարի փորձնական ծրագրի շրջանակում ազգային երգ ու պարի դասեր կանցկացվեն ևս 100 դպրոցներում: Նախորդ տարի ծրագրում ընդգրկված էին 13 դպրոցների հինգերորդ դասարանցիները: Այս տարի էլ 13 դպրոցների նույն դասարաններում կուսուցանվեն ազգային երգն ու պարը:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի խոսքով, այս պահին առարկան դասավանդող մասնագետների խնդիր կա:
«Այդ հարյուր դպրոցը, որոնք ընդգրկվել են ծրագրում, մեզ կադրեր են տալիս, նրանք վերապատրաստվում են: Մենք մանկավարժական համալսարանի ուսանողներին էլ ենք խնդրում, որ գան, աշխատեն, բայց մեծ դժվարությամբ են գալիս: Որոշ դպրոցներում երգի ուսուցչուհին է պարապելու պար»,-ասաց վարչության պետը:
Նախարարությունում հստակ չգիտեն, թե երբ առարկան կուսուցանվի հանրապետության բոլոր 1400 դպրոցներում: Փորձնական ծրագրում ներառվել են հատկապես այն դպրոցները, որտեղ 5-րդ դասարանները շատ են:
«Մեր պրոբլեմը կադրերն են, ծրագիրը կա, ժամերը կան, ծնողներն ու երեխաներն ընդունել են, այդ դժվարությունները հաղթահարել ենք: Եթե կարողանանք 1400 դպրոցում ունենալ այդ կադրերը, լավ կլինի: Բայց հիմա մենք 100 դպրոցում ուսուցանելու համար կադրերի հարցում դժվարանում ենք: Եթե հաղթահարեցինք, ապա հրաշալի կլինի»,-ասաց Հովհաննիսյանը:
Շատ դպրոցներում տնօրենները հստակ չգիտեն, թե որ դասերի հաշվին պետք է ուսուցանվի «Ազգային երգ ու պար» առարկան:
Ասում են, նախարարությունից հստակ ոչինչ չեն ասել:
ԿԳՆ ներկայացուցիչը Panorama.am-ի հետ զրույցում բացատրեց, որ «Ազգային երգ ու պար» առարկայի դասավանդման համար դպրոցները պետք է օգտագործեն իրենց ունեցած դպրոցական բաղադրիչները:
Իսկ եթե բաղադրիչն օգտագործել են երրորդ օտար լեզվի ուսուցման համար, ապա, կարող են օգտվել ֆիզկուլտուրայի դասերից, շաբաթական երեք դասի փոխարեն այն անելով երկու անգամ. «Կարող են սեղմել, երկու ժամով խտացված ֆիզկուլտուրա անել, կես ժամն էլ կարելի է վերցնել երաժշտությւոն առարկայից: Բայց շատ դպրոցներ ոչ ֆիզկուլտուրայից են վերցնում, ոչ էլ երաժշտություն առարկայից»:
Եթե դպրոցները կրճատում են ֆիզկուլտուրայի ժամերը, ապա դրան համապատասխան նվազում է ֆիզկուլտուրայի ուսուցիչների աշխատավարձերը. «Ոչինչ, հանուն էս ծրագրի կարելի է»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն հրաման է ստորագրել` «Հանրակրթական հիմնական դպրոցի 6-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագիրը հաստատելու մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան