
ԻԼԻՊ-ը շարունակում է ոչնչացնել Պալմիրայի հուշարձանները
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները Սիրիայի Պալմիրա քաղաքում պայթեցրել են 3 հնագույն դամբարան: Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը:
Դամբարանները կառուցված են եղել մ.թ. 44-103 թվականներին և ունեցել են աշտարակների տեսք:
Սիրիայի հնությունների և գլխավոր թանգարանների տնօրեն Մամուն Աբդուլ Քարիմը հաստատել է այս լուրը՝ նշելով, որ դրանց թվում է 103 թվականին կառուցված Էլահբելը, որն ուներ 4 հարկանի շենքի բարձրություն և նկուղ:
Հիշեցնենք, որ ԻԼԻՊ-ը Պալմիրան գրավեց մայիսի վերջին` մուտք գործելով քաղաքի արժեքավոր ավերակներ: Քաղաքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցանկում: Օգոստոսին գրոհայինները ավերեցին մի քանի արժեքավոր հուշարձաններ՝ հողին հավասարեցնելով Բալ Շամին տաճարը և Բելի տաճարի մի մասը: