100-ից ավել հրավիրյալ, 80-ից ավել կազմակերպություն. Սահմանադրության նախագիծը քննարկվելու է ԱԺ-ում
Քիչ հետո Ազգային ժողովում մեկնարկելիք Սահմանադրական բարեփոխումների մասին խորհրդարանական լսումներին ներկա է լինելու 100-ից ավել հրավիրյալ և 80-ից ավել տարբեր կազմակերպություններ` հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ, դեսպանատների ներկայացուցիչներ, Փաստաբանական պալատի անդամներ, ուսանողներ ևն: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքով, սահմանադրական բարեփոխումների մասին լսումները մեծ կարևոր են և դրանց նկատմամբ հանրային հետաքրքրությունը «շատ բարձր է»:
«Սահմանադրության նախագիծը բավականին մեծ հետաքրքրություն է ներկայացրել, շատերն են ցանկացել ներկա գտնվել լսումներին, նույնիսկ անհատներ, որոնց մենք ընդառաջ ենք գնացել: Դա մեզ համար շատ կարևոր է, քանի որ նրանց կողմից ներկայացվող ցանկացած դիտողություն, դիտարկում կամ առաջարկություն հետագայում կարող է տեղ գտնել Նախագահին ներկայացվելիք նախագծում», -հավելեց պատգամավորը: