Դատավոր չեմ, յուրաքանչյուր կուսակցությունն իր որոշումն ունի. «Ժառանգության» առաջնորդ
«Ժառանգությունը» կարծում է, որ լայն քաղաքական կոնսոլիդացիա է պետք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հարկ է հասկանալ, որ նժարի վրա դրված է Հայաստանի քաղաքացու իրավունքն ու արժանապատվությունը, նաև երկրի ինքնիշխանությունը: Մենք կարծում ենք, որ այդ կոնսոլիդացիայի գործընթացի արդյունքում մենք պետք է ունենանք ժամանակավոր իշխանություն, որը կկարողանա այս 20 տարվա ընթացքում առաջին անգամ ապահովել արդար ու թափանցիկ ընտրություններ»,- նշեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հետ կապված Հանրապետության նախագահի հետ կուսակցությունների հանդիպմանը նա ասաց. «Դատավոր չեմ: Յուրաքանչյուր կուսակցություն ու կազմակերպություն իր ներքին որոշումն ունի ու նախընտրությունը: Ես ոչ դատապարտում եմ, ոչ էլ դատում եմ, այլ ընդունում եմ ի գիտություն: Եվ այլևս պետք չէ դատենք, ով ձեռք սեղմեց, ով՝ ոչ, այլ հասկանանք, թե այդ նոր Հայաստանը, որ ուզում ենք, ինչպես պիտի կայանա»:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք իրենք համագործակցելու են «ոչ»-ի ճակատի հետ «Ժառանգության» առաջնորդը դրական պատասխան տվեց. «Բոլորի հետ կհամագործակցենք, ովքեր կողմ են արտահերթ ընտրություններին, դրանից հետո նոր միայն սահմանադրական փոփոխություններին»: