«Շանթ-2015». «Զորավարժության ղեկավարությունը հասել է իր նպատակին»
«Իրադրության զարգացման հետ կապված ներմուծականների շարքը շարունակվում է, որի հիման վրա երեկ Հայաստանի նախագահը որոշում է կայացրել հայտարարել ռազմական դրության: Դրանից բխող մի շարք օրենքների նախագծեր են պատրաստվել, գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու նախագահի հրամանագիրը ռազմական դրության հայտարարման վերաբերյալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ ամփոփ ներկայացնելով «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքը:
Նա նշեց, որ ներմուծականները շարունակվել են մի քանիսը պրակտիկ գործողություններով՝ Ավան թաղամասում հայտարարված պարետային ռեժիմը, փախստականների համար վրանային ճամբարի կազմակերպում ու համապատասխան միջոցառումների իրականացում. «Վարչապետը հանդիպել է փախստականների հետ, ցուցումներ է տվել կառավարությանը փախստականների կողմից բարձրացված հարցերին լուծում տալ»:
Նա նշեց, որ փախստականների ընդունման գործընթացին մասնակցել են նաև ոստիկաններն ու Ազգային անվտանգության ծառայությունը, քանի որ, ըստ կանխորոշումների, փախստականների հետ Հայաստան են ուզում մտնել նաև «Իսլամական պետության» զինյալներ, Թուրքիայի հատուկ ծառայության աշխատակիցներ՝ Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու համար:
Մ. Հակոբյանն ասաց, որ մնացած ներմուծականները հիմնականում տեսական են, այս փուլում առավել մեծ քանակությամբ ներածական են ստացել Զինված ուժերը, քանի որ եթե հայտարարվել է ռազմական դրություն, պատերազմը սկսվել է, Զինված ուժերը սկսում են իրականացնել համապատասխան գործողություններ:
Նա նշեց, որ զորավարժությունների վերաբերյալ ընդհանուր գնահատական կտրվի ավարտից հետո, ապա հավելեց. «Մի բան կարող եմ փաստել. զորավարժության ղեկավարությունն իր նպատակին հասել է: Այն նպատակները, որ դրել ենք մեր առջև, իրականացրել ենք: Պաշտպանության նախարարությունն իր նպատակին հասել է, նախագահի աշխատակազմի ղեկավարը, որպես զորավարժության շտաբի ղեկավար, բավականին բավարարված է արդյունքներից»:
Մ. Հակոբյանի խոսքով, մանրամասն վերլուծվելու են նաև զորավարժությունների ընթացքում նկատված թերությունները, կազմվելու է թերությունների վերացման պլան, որը հաստատելու է երկրի նախագահը, գերագույն գլխավոր հրամանատարը: «Այդ պլանի հիման վրա նախատեսվելու են միջոցառումներ՝ թերությունների, պրոբլեմների վերացման ուղղությամբ»,- ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-6-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ: Զորավարժությունը նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան