Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Օբամային զերծ մնալ անբարո քաղաքականությունից
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է Իլհամ Ալիևի կողմից սահմանային լարվածություն հրահրելը և կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրաժարվել կողմերի միջև հավասարեցնող հայտարարություններ անելով Ադրբեջանի առաջ կանաչ լույս վառելուց: Այս մասին տեղեկանում ենք Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքից:
«Օբամայի վարչակազմը Բաքվի առաջ կանաչ լույս է վառում ամեն անգամ՝ Ադրբեջանի անկհայտ ագրեսիայի դեպքում սահմանափակվելով միայն կողմերին բռնությունների գործադրումից զերծ մնալու կոչեր անելով: ԱՄՆ-ում բոլորը՝ սկսած բարձրագույն հատուկ ծառայություններում աշխատող պաշտոնյաներից մինչև 9-րդ դասարանի աշակերտներ, ովքեր հետևում են միջազգային քաղաքականությանը, գիտեն, որ հենց Իլհամ Ալիևն է հրահրում այս հարձակումները: Այս ամենը չտեսնելը և հակառակը ձևացնելը բացահայտ կեղծություն է, որը հղի է մահացու հետևանքներով:
Նախագահ Օբաման պետք է զերծ մնա այս խորապես անբարո և բացահայտորեն ձախողված կեղծ ազնվության քաղաքականությունից և դրա փոխարեն կոնկրետ քայլեր ձեռնարկի պատերազմը կանխելու և արդար ու երկարատև խաղաղության հիմքեր ստեղծելու առումով: Դրանցից մեկը միջազգային միջնորդների կողմից արված առաջարկներն են, որոնց համաձայն են Հայաստանը և Արցախը և որոնք մերժում է Ադրբեջանը: Նման առաջարկ է դիպուկահարներին հետ քաշելը, ԵԱՀԿ-ի կողմից լացուցիչ դիտարկումների անցկացումը և շփման գծում միջազգային հսկողությամբ հրաձգությունները տեղորոշելու համակարգի տեղադրումը»,- ասված է հայտարարության մեջ:
Միաժամանակ նշվում է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները կանխարգելելու և միջազգային հանրության ուշադրությունը այդ ամենի վրա հրավիրելու համար Հայ դատի հանձնախմբի կողմից սոցիալական կայքերում մեկնարկել է #StopAliyev հաշթագով մեդիաարշավ: