Ա.Իսկանդարյան. Սահմանում իրավիճակը դուրս չի գալիս վերջին տարիների միտումների շրջանակից
Հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական սահմանային հատվածում իրավիճակը բավականին սրված է, բայց դուրս չի գալիս վերջին տարիների միտումների շրջանակից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա, լարվածությունը կշարունակվի, կլինեն կրակոցներ, դիվերսիոն գործողությունները. «Դժվար է այս գործընթացները կանգնեցնել: Մյուս կողմից էլ, իմ կարծիքով, անցումն ակտիվ ռազմական գործողությունների անհնար է»:
Սահմանում հակառակորդի ակտիվությունը, ըստ նրա, պայմանավորված է Հայաստանի տարածքում անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններով, ինչու չէ նաև՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան կատարած այցով, իսկ գլոբալ առումով՝ նավթի գների անկումով. «Սա շատ կարևոր գործոն է ու այն պետք է հաշվի առնել»:
Ա. Իսկանդարյանի գնահատմամբ, Ադրբեջանի առաջխաղացման հնարավորությունը փաստացի հավասար է զրոյի: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, քաղաքագետն ասաց, պատերազմ Ադրբեջանին պետք չի, ղարաբաղյան հիմնախնդիրը չափազանց հարմար ու օգտակար գործիք է ադրբեջանական կողմի համար, որովհետև այն աղքատությունն արդարացնելու միջոց է:
Խոսելով տարածաշրջանային իրավիճակի մասին, Ա. Իսկանդարյանն ասաց, որ տարածաշրջանում իրադրությունը կտրուկ կերպով փոփոխվում է՝ նախ Իրան-Արևմուտք հարաբերությունների փոփոխություն, ինչը կբերի Իրանի դերակատարության փոփոխության:
Փոփոխությունների, ըստ նրա, բերում է նաև Թուրքիայում տիրող վիճակը: Նրա դիտարկմամբ, Թուրքիայի նախագահ քաղաքականությունը կտրուկ փոխում է Թուրքիան: Տարածաշրջանային փոփոխությունների երրորդ պատճառը, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, Սիրիայում տեղի ունեցող զարգացումներն են:
«Մերձավոր Արևելքում գործնականում պատերազմ է տեղի ունենում: Արևելքն այժմ ավելի անկայուն է, քան մի քանի ամիս առաջ»,- ընդգծեց Ա. Իսկանդարյանը:
Նման պայմաններում, ըստ նրա, Հայաստանը պետք է ուշադիր հետևի զարգացումներին և կշռադատված քայլեր անի: