ՀՀ-ում անցկացվող զորավարժությունները հայտարարվել են ԵԱՀԿ սահմանված ընթացակարգերով. Դ. Տոնոյան
Սպառազինությունների վերահսկման միջազգային պայմանագրերը, մասնավորապես` ԵԱՀԿ շրջանակներում, որոնց անդամակցում են և Հայաստանը, և Ադրբեջանը, նախատեսում են զորավարժությունների վերահսկման մեխանիզմներ: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի հարցին, թե արդյոք կա՞ն միջազգային մեխանիզմներ զորավարժությունների քանակական ցուցանիշները վերահսկելու և դրանց թափանցիկությունն ապահովելու համար:
«Մասնավորապես, Վիեննայի 2011թ. փաստաթուղթը սահմանում է, որ մասնակից պետությունները պետք է ծանուցեն մյուս բոլոր մասնակից պետություններին մինչև 9000 մարդ, ներառյալ ապահովման ուժերը կամ մինչև 250 մարտական տանկեր կամ մինչև 500 ՄԶՄ-ներ կամ մինչև 250 ինքնագնաց կամ քարշակող հրետանի, ականանետեր և համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ /100 մմ և ավելի տրամաչափի/ որևէ մեկ զորավարժության մասին: Ընդ որում, եթե տվյալ մակարդակի զորավարժությունները նախատեսված չեն եղել նախորդ տարվա պլանով, ապա դրանց անցկացման մասին պետք է ծանուցվի անցկացումից առնվազն 42 օր առաջ: Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում անցկացվող «Շանթ» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները չեն գերազանցում տվյալ սահմանաչափերը, այնուամենայնիվ, թափանցիկության և փոխվստահության ապահովման նկառատումներով դրանք ԵԱՀԿ սահմանված ընթացակարգերով հայտարարվել են»,-նշել է նա:
Անդրադառնալով հարցի մյուս մասին, թե ադրբեջանական մամուլով լուրեր են տարածվել, որ սեպտեմբերի 6-ից 13-ը այդ երկրում նույնպես կազմակերպվում են զորավարժություններ, որոնց ընդգրկված են լինելու 65.000 անձնակազմ, 700 միավոր մարտական մեքենաներ, 500 միավոր հրթիռային և հրետանային համակարգեր, 40 միավոր ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նշել է, որ դատելով հրապարակված թվերից դրանք պետք է հայտարարվեին նախապես, ինչը չի արվել:
«Ուստի սպառազինությունների վերահսկման ոլորտում Հայաստանի և Ադրբեջանի կողմից որդեգրած քաղաքականության տարբերության մասին լրացուցիչ մեկնաբանությունների անհրաժեշտություն չեմ տեսնում»-հավելել է փոխնախարարը :
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում