«Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն». Ներկայացվելու են փարիզյան և երևանյան շրջանների գործերը
Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 10-ին բացվելու է «Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» ցուցահանդեսը, որն իր մեջ ներառում է գեղանկար, գրաֆիկա, քանդակ և տարածական նկարչության օրինակներ: Ցուցահանդեսը կազմակերպում են Հայաստանի ազգային պատկերասրահը Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ:
Panorama.am-ին պատկերասրահից և թանգարանից հայտնեցին, որ ցուցադրությունը ներառում է Քոչարի փարիզյան և երևանյան շրջանների գեղանկար, գրաֆիկ, քանդակ աշխատանքներ, տարածանկարներ: Առավել ընդգրկուն ներկայացված է երևանյան շրջանը:
«Փարիզում Քոչարին լայն ճանաչում բերեցին Տարածանկարները, որոնցում նա փորձել է մեկտեղել տարածությունն ու ժամանակը` առաջարկելով քանդակագործության և նկարչության սինթեզի /համադրման/ սեփական տարբերակը: Ներկայացված է լինելու Քոչարի ստեղծած մեզ հայտնի առաջին՝ 1927 թ. տարածանկարը, «Տոտեմ» 1929 թ., «Երևան - Էրեբունի» 1968 թ. տարածական աշխատանքները, փարիզյան շրջանից (1923-1936)` «Հարություն» 1923 թ., «Տեսիլք. Քրիստոսն ու Մարիամ Մագթաղենացին» 1924 թ., «Ընտանիք-սերունդներ» 1925 թ. գեղանկարները և այլ ստեղծագործություններ:
Ցուցադրությունում տեղ են գտել նաև անցյալի հերոսականության հանդեպ Քոչարի վերաբերմունքի արտահայտությունը հանդիսացող «Սասունցի Դավիթ» ազգային էպոսի նկարազարդումները, որոնք հայ գրաֆիկայի անգերազանցելի օրինակներ են: Ներկայացված են լինելու նաև հայ մեծերի՝ Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Ոսկան Երևանցու, Սայաթ Նովայի, Կոմիտասի, Դերենիկ Դեմիրճյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Թումանյանի և այլոց դիմանկարներ»,- հայտնում են ցուցահանդեսի կազմակերպիչները՝ շեշտելով, որ Երվանդ Քոչարի ստեղծագործությունները մեծապես նպաստեցին ազգային ինքնագիտակցության, հիշողության և ոգու վերածննդին:
Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 10-ը։
1923 թվականին հաստատվելով Փարիզում՝ 24-ամյա Քոչարը առաջին իսկ ամիսներից հստակ քայլերով ներքաշվել է Փարիզի բազմաշերտ արվեստային միջավայրի մեջ՝ դասվելով ժամանակի առաջադեմ արվեստագետների շարքում: Ֆրանսիայում նա ստեղծել է պլաստիկ-նկարչական նոր արտահայտչաձև «Տարածական նկարչությունը» (Peinture dans l’espace), որը ներառում է ժամանակը՝ որպես լրացուցիչ չորրորդ չափ։ Կարճ ժամանակահատվածում նրա արվեստն ընդունվել է որպես «խորապես իմացական, կատարողական բարձր վարպետությամբ», «նորարարական», «ավանգարդիստական և ամենահամարձակներից»:
«Քոչարի տարածական նկարչությունն արդի արվեստի նվաճումներից է, նշանակալի այնքան, որքան Բրանկուզիի անեղծ ձևերը, Պիկասսոյի և Բրաքի կառուցվածքները... Տարածական նկարչութունը խարխլեց արձանագործության և հարթանկարչության շրջանակը: Այն բարեփոխեց տեսողական օրենքները՝ մի երրորդ ուղի բացելով նկարիչների ու քանդակագործների առջև: Եկել է ժամանակը հատուցելու Քոչար արարչագործի պատվո վճարը, որին նա արժանի է իրավամբ»,- ասել է ֆրանսիացի արվեստաբան Վալդեմար Ժորժը:
Ե. Քոչարի վերադարձը Երևան 1936 թվականին դարձել է շրջադարձային արվեստագետի կյանքի և ստեղծագործության հետագա ընթացքի համար, քանի որ բռնապետական հասարակարգի պայմաններում Քոչարի առաջադեմ և նորարարական արվեստն ընդունվել է որպես «հակախորհրդային և հակահեղափոխական»: Բավական է ասել, որ հայրենիքում Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է վերադառնալուց 30 տարի անց միայն՝ 1965 թ.։
«Ո՜չ, ո՜չ և հազար անգամ ո՜չ, Երվանդ Քոչարին չի կարելի սովորական նկարիչ համարել, հանրածանոթ բնութագրումներն ու մակդիրներն այս դեպքում անիմաստ են: Ինչպես բնորոշել նրան՝ հզո՞ր, թե՞ հանճարեղ. այս երկու գնահատականների միջև թերևս կարելի է տատանվել, չնայած ես հակված եմ երկրորդին...»,- գրել է ֆրանսիացի արվեստի պատմաբան Անդրե Պասկալ Լևիսը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում