Սկզբունքային կամ նոր բան չկա Ադրբեջանի գործողությունների մեջ. քաղաքագետ
Վերջին 10-15 տարիների ընթացքում Ադրբեջանը փորձում է ժամանակ առ ժամանակ պահպանել լարվածությունը շփման գոտում, որով մեսիջներ է ուզում հղել թե հայ հասարակութանը, թե միջազգային հանրությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ նշելով, որ փորձում է լարվածությամբ ազդել կողմերի վրա:
Ըստ քաղաքագետի՝ մյուս կողմից էլ փորձում է լրջություն տալ իր ռազմաքաղաքական իրավիճակին, սակայն երբեմն իր իսկ ծուղակում է հայտնվում. «Ցավոք սրտի, սրա հետ մեկտեղ ավելանում է նոր զենք-զինատեսակների կիրառման դինամիկան, հիմա անգամ 125մ-անոց ականանետերի մասին է խոսք գնում, և TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքի»:
Ս. Մինասյանը նկատեց, որ այս ամենի հետ մեկտեղ որևէ սկզբունքային կամ նոր բան չկա Ադրբեջանի գործողությունների մեջ:
Արցախյան ազատամարտի առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն էլ ասաց. «Ադրբեջանցիները տրադիցիոնոլիստ են, սիրում են թվերը կրկնել: Ուղղաթիռը խփեցին այն ժամանակ, երբ Արցախում զորամիավորում էր հավաքված: Հիմա Արցախի անկախությունն էր ու զորավարժություններ: Պետք չի թուրքին այնպես նայել, որ նա հիմար է»:
Հանդիպմանը ներկա «Խաչակիրներ» ջոկատի ազատամարտիկ Շահե Աճեմյանի խոսքերով էլ, քաղաքականության մեջ միշտ կարող ես զիջումների գնալ, սակայն ռազմականում՝ ոչ. «Այսօր Հայաստանի որևէ մեկ սահմանի վրա խոցելի տեղ կա, ուրեմն մենք ապահով չենք: Մի հատ թշնամուն լավ պատժել է պետք, հերիք է մեզ զսպաշապիկ հագցնեն»:
Անդրադառնալով ռազմական պատժիչ գործողությունների գնալուն Վովա վարդանովն ասաց. «Բանակը պատրաստ է, իսկ հասարակությունը՝ ոչ: Մեր զինվորիների դուխը տեղն է: Երբ նրանց հետ խոսում եմ, նրանք պատրաստ են անգամ Բաքու հասնել, բայց արդյո՞ք կունենան հասարակության աջակցությունը»:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ նշեց, որ այս պարագայում անորոշություն կա թե հայկական կողմի, թե հակառակորդի մոտ. «Ադրբեջանը գիտի, որ տեսանելի ապագայում դժվար թե հաղթանակ տանի և բավականին լուրջ կորուսներ չունենա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան