Դաշտում խաղող չի մնալու. Հանրապետությունում մեկնարկել է խաղողի մթերումը
Հանրապետությունում այսօրվանից սկսվել է խաղողի մթերումը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Խաղողի մթերումն այսօր սկսվել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում: Նախարարը գործարանի գլխավոր տնօրեն Իգոր Առաքելյանի ուղեկցությամբ շրջեց գործարանի Արմավիրի մասնաճյուղում` հետևելով խաղողի մթերման մեկնարկին:
Նշենք, որ սեպտեմբերի 8-ին խաղողի մթերումը կսկվի ԵԿԳ-ի Արարատի մարզի Այգավանի մասնաճյուղում, սեպտեմբերի 14-ին` Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ):
Ս.Կարապետյանը հայտնեց, որ հանրապետության բոլոր մարզերի գործարաններում ևս մի քանի օրից կսկսվի խաղողի մթերման գործընթացը:
Նախարարը նշեց, որ ըստ կանխատեսումների՝ այս տարի սպասվում է 10-15%-ով ավելի խաղողի բերք: «2014թ-ին արտադրվել է 261 հազար տոննա խաղող, մթերվել է 184 հազար տոննա խաղող: Այս տարի ակնկալում ենք, որ կարտադրվի 290-295 հազ. տոննա խաղող, մթերման ծավալները նույնպես կավելանան»,- ասաց Ս.Կարապետյանը:
Նախարարը վստահեցրեց, որ ամբողջ խաղողը մթերվելու է: «Որոշ մարդկանց մոտ մտավախության կա, թե հնարավոր է խաղողը չմթերվի, սակայն գյուղացիական տնտեսություններին հավաստիացնում եմ, որ արտադրված ամբողջ խաղողը մթերվելու է, դաշտում խաղող չի մնալու»,- ընդգծեց Ս.Կարապետյանը:
Ինչ վերաբերում է մթերման գնին, ապա ըստ նրա, այն կապված է մթերող կազմակերպություններից: «Բոլորը սպասում են Երևանի կոնյակի գործարանի կողմից աջարկվող գնին, իսկ գործարանն այս տարի գինը չի իջեցրել: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ԵԿԳ-ը խաղողը մթերելու է 150 դրամով, իսկ Տավուշի մարզում՝ 140 դրամով: 10 դրամով ցածր գինը կապված է խաղողի շաքարայնության հետ»,- նշեց գյուղատնտեսության նախարարը՝ հավելելով, որ մնացած մթերող ընկերություններին ևս առաջարկել են պահպանել նախորդ տարվա գնային քաղաքականությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան