Սկսվում է շաբաթապահքը
Հայ Առաքելական եկեղեցու այս տարվա վերջին տաղավար տոնին՝ Խաչվերացին ընդառաջ, սկսվում է շաբաթապահքը: Այն տևում է երկուշաբթիից մինչև ուրբաթ: Բոլոր տաղավար տոներին նախորդում է պահքի շրջան: Ցանկացողները կիրակնօրյա Ս. Պատարագին մասնակցելով և Ս. Հաղորդություն ստանալով՝ դուրս են գալիս պահքից: Այս մասին գրում է qahana.am կայքը:
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Խաչվերացը: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: