Վ. Բաբայան. Սահմանամերձ գյուղերում ոգու տոկունությամբ կարողանում են դիմագրավել (տեսանյութ)
«Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում խուճապային տրամադրություններ ընդհանրապես չկան: Տավուշցիները բարձր ոգու տոկունությամբ կարողանում են դիմագրավել ցանկացած մարտահրավեր, իսկ մեր բանակն էլ լռեցնել թշնամուն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
Նշեք, որ սեպտեմբերի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանն ու Վահան Բաբայանն այցելել էին Տավուշի շրջանի սահմանապահ Բաղանիս, Ոսկևան, Կայանավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար ու Բերքաբեր գյուղեր։
Վ.Բաբայանն ասաց, որ այսօր բոլորի խնդիրն է սահմանամերձ գյուղերի բնակիչների սոցիալական կյանքի բարելավման ապահովումը:
«Այդտեղ բնակվողները կենդանի հերոսներ են, նրանք շարունակում են աշխատել, երեխաներին ուղարկել դպրոց»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Նրա խոսքով, սահմանամերձ համայնքներում բնակիչների, գյուղապետերի հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են նրանց ամենաշատը հուզող հարցերը, լսել նրանց առաջարկությունները՝ հարկային արտոնությունների ավելացում, ավանդների վերադարձ ըստ առաջնահերթության:
«Նրանք նաև առաջարկեցին սահմանամերձ համայնքներում տղամարդկանց ինչ-որ չափանիշներով տրամարդել զենք: Մարդիկ ասում են, որ երկու հարյուր մետր այն կողմ ադրբեջանական սահմանն է, իրենք վտանգված են: Ես չեմ կարող ասել ինչքանով է ճիշտ, պետք է դեռ քննարկել մասնագետների հետ»,- ասաց Վ. Բաբայանը:
ԲՀԿ-ական գործչի խոսքով, իրենց խմբակցությունն առաջիկա քառօրյաներին հանդես են գալու օրենսդրական նախաձեռնություններով՝ տավուշցիների կողմից բարձրաձայնված խնդիրներին լուծում տալու համար:
Նա նաև նշեց, որ սահմանամերձ գոտիների բնակիչները բարոյական աջակցության կարիք ունեն. «Կարևոր է, որ նրանք հասկանան՝ Երևան-համայնք, Երևան-սահման կապը պահպանվում է, իրենց կողքին ենք կանգնած: Պետք է շարունակել այցելությունները»:
Նա տեղեկացրեց, որ արդեն գյուղերում ապաստարաններ են կառուցում՝ հրթիռակոծության ժամանակ պաշտպանության համար: Վ. Բաբայանն ասաց, որ այցելության ընթացքում իրենք մտել են մի քանի տներ, որոնց պատերի վրա տեսել են մեծ տրամաչափի զինատեսականերից խոցված տեղեր:
Նախորդող հրապարակում՝
Հովիկ Աբրահամյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր (լուսանկարներ)