Կարեն Բեքարյանը որոշել է` կվերցնի պատգամավորական մանդատը
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի` արդարադատության նախարար նշանակվելուց հետո թափուր մնացած պատգամավորական մանդատը կփոխանցվի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ թեկնածու, «Եվրոպական ինտեգրացիա» հկ նախագահ Կարեն Բեքարյանին:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Բեքարյանը տեղեկացրեց, որ ինքը հստակ է որոշել` կվերցնի պատգամավորական մանդատը:
«Այժմ կազմակերպչական հարցերով կոնսուլտացիաներ են ընթանում Հանրապետական խմբակցության հետ», -փոխանցեց պարոն Բեքարյանը:
Անելիքների մասին հարցին նա վաղ համարեց պատասխանել և ասաց, որ դրան կանդրադառնա որոշ ժամանակ հետո:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Panorama.am-ին տեղեկացրին, որ սեպտեմբերի 7-ին ԿԸՀ-ն Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին ԱԺ արձանագրությունն արդեն ստացել է և Ընտրական օրենսգրքով սահմանված 7-օրյա ժամկետում նիստ կգումարի ու թափուր մանդատը կհանձնի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին:
Այս պահին ԿԸՀ նիստի օր նախանշված չէ: