Պտղաբուծության համար տարին հաջող էր, բանջարաբուծության համար՝ անբարենպաստ. Հրաչ Բերբերյան
Գյուղատնտեսության համար տարին կարելի է գնահատել բավարար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը` հավելելով, որ թեև պտղաբուծության համար տարին հաջող էր, բայց բանջարաբուծության համար՝ անբարենպաստ:
Ըստ նրա, այս տարի ստացվել է ծիրանի, դեղձի լավ բերք, բացի այդ, արտահանումն է ավելացել:
Հ.Բերբերյանը նշեց նաև, որ սպասվում է խաղողի բարձր բերք. ըստ կանխատեսումների, նախորդ տարվա համեմատ բերքը 20-25%-ով ավելի կլինի: Նրա խոսքերով՝ այստեղ կարևոր խնդիրն այն է, որ վերամշակող ընկերությունները խաղողագործներին կարողանան ժամանակին վճարել, որպեսզի բերքի կորուստ չունենանք:
«Ամեն դեպքում, այսօրվա դրությամբ խաղողի գնումների հետ կապված դեռևս բողոքներ չկան»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է բանջարաբուծությանը, ապա, ըստ բանախոսի, երաշտի պատճառով ոլորտում լուրջ խնդիրներ են առաջացել:
«Նախ առաջին խոչընդոտը ստեղծեցին բանկերը, որոնք վարկեր տրամադրեցին մայիսից սկսած: Արդյունքում՝ բանկային համակարգը մեծ հարված հասցրեց գյուղատնտեսությանը»,- ասաց Հ.Բերբերյանը՝ հավելելով, որ վարկերը գյուղացիներին պետք է տրամադրվեն հունվար-փետրվարին, որպեսզի գյուղացիները կարողանային դիզվառելիք, սերամցու ձեռք բերեին. «Մայիսին վարկ տալը բոլորովին իմաստ չունի»:
Նա դժգոհություն հայտնեց նաև հակակարկտային համակարգից, քանի որ հակակարկտային համակարգի չգործելու պատճառով Արմավիրի և Արարատի մարզերում կարկուտը լուրջ վնասներ է հասցրել:
Ինչ վերաբերում է ոռոգման համակարգին, ապա այստեղ, ըստ Բերբերյանի, թեև սպասվում էին լուրջ բարեփոխումներ, սակայն դեռ ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում. «Երբ Ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղափոխվեց Գյուղատնտեսության նախարարության կազմ, ենթադրվում էր, որ համակարգում լուրջ բարեփոխումներ են լինելու, մինչդեռ կոմիտեն դեռ գործում է ինքնուրույն և աշխատաոճը չի փոխել»:
Անդրադառնալով կարտոֆիլի գնի թանկացմանը, բանախոսը նշեց, որ նախորդ տարվա համեմատ դրամն արժեզրկվել է 18%-ով, եթե դրան գումարում ենք էներգակիրների գների բարձրացումը, ապա, նա գտնում է, որ կարտոֆիլը դեռ երկու անգամ էժան է վաճառվում. «Վերջին շրջանում կարտոֆիլի գների բարձրացումը պայմանավորված էր նրանով, որ Արարատյան դաշտավայրի կարտոֆիլը վերաջացել էր, իսկ Շիրակում անձրևների պատճառով գյուղացիները չէին կարողանում բերքը հավաքել: Այդ շրջանում դեֆիցիտ առաջացավ, բայց հիմա արդեն շուկայում կարտոֆիլը կարելի է ձեռք բերել 200-250 դրամով»:
Հ.Բերբերյանը կարծում է՝ կարտոֆիլի գինը այլևս չի էժանանա, դեռ կանխատեսվում է, որ տարեվերջին 10-15%-ով կթանկանա:
Ինչ վերաբերում է լոլիկի գներին, ապա, նա ընդունեց, որ լոլիկի գնի աճ է արձանագրվել: Ըստ նրա՝ շուկայում լոլիկը հիմնականում վաճառվել է 200-250 դրամով:
«Պատճառը առանց տեղումների եղանակն էր: 60-65 օր հանրապետությունում տեղումներ չեն գրանցվել, բնական է, որ դա ազդելու էր բանջարեղենի բերքի վրա: Սպասում էինք բարձր բերք, բայց երաշտի պատճառով սպասված բերքը չստացանք»,- ընդգծեց Հ.Բերբերյանը: