Հայերը գլխացավանք չեն եվրոպական երկրների համար, և միգրացիոն ճգնաժամը նրանց վրա չի ազդի. Գագիկ Եգանյան
Եվրոպայում այս օրերին տիրող միգրացիոն ճգնաժամը Հայաստանի վրա որևէ ազդեցություն չի ունեցել, և դեպի մեր երկիր միգրացիոն հոսքերի վրա չի ազդել, այսինքն` Հայաստանում ապաստան հայցողների թիվը չի շատացել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը` մեկնաբանելով Եվրոպայում վերջին օրերին տիրող վիճակը, երբ Սիրիայից հազարավոր փախստականներ ապաստան են հայցում եվրոպական երկրներում:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն, տարեկան կտրվածքով Հայաստանում ապաստան է հայցում 4-500 փախստական: Այս փուլում հիմնական ապաստան հայցողները սիրիահայերն են:
«Հոծ զանգվածներ կյանքի և ազատության վտանգից ելնելով, ամեն կերպ մեկնում են եվրոպական երկրներ: Անձը փորձում է ավելի գրավիչ ու նպաստավոր պայմաններ ունեցող երկիր գնալ այդ առումով նրանց համար նախընտրելի են եվրոպական երկրները, քան Հայաստանը»,-հավելեց պարոն Եգանյանը:
Հարցին, թե միգրացիոն ճգնաժամը եվրոպական երկրներում արդեն ապաստան գտած քրիստոնյաների, մասնավորապես, հայերի վրա չի՞ ազդի, նրանց հետ չե՞ն ուղարկի իրենց երկրներ, Եգանյանը պատասխանեց. «Նախ` հայերը, Հայաստանի քաղաքացիները գլխացավանք չեն Եվրոպական երկրների համար, մեծ հոսք չկա: Մեր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ նրանք միշտ ասում էին, որ Հայաստանից եկած քաղաքացիների թիվը մեծ չէ: Այնպես որ դա լուրջ մտահոգության առարկա չէ»:
Եվրոպական երկրներում ապաստանած հայերին հետ ուղարկելը Եգանյանը հնարավոր բան չի համարում. «Միգրացիոն բնագավառում որպես սկզբունք որդեգրված է, որ կրոնական պատկանելությունը որևէ առնչություն չունի և չի ազդելու իրականացվող կամ կատարվելիք քայլերի վրա: Անկախ նրանից` քրիստոնյա են, թե մուսուլման, ինչ պետք է արվի, արվելու է: Այդ սկզբունքը որդեգրված է միջազգային պայմանագրերում: Չի կարող դա լրացուցիչ գործողության առիթ հանդիսանալ»:
Մասնագետի խոսքով, երկրներում մարդկանց ապահովությունն ու անվտանգությունը չպետք խաթարվի, և ահա Իրաքում, Սիրիայում, Լիբիայում խաթարվեց, հետևանքը այս օրերին վառ երևում է:
«Կարելի էր կանխատեսել այս ամենը, կարելի էր կանխատեսել, որ եթե այդ երկրների ռեժիմները խաթարվում են, ապա նման երևույթն անխուսափելի է` հարյուր հազարավոր փախստականների հոսքեր են առաջացել», -նկատեց պաշտոնյան:
Հարցին, թե ստեղծված իրավիճակում ինչպե՞ս է գնահատում Եվրոպայի քայլերը, Եգանյանը արձագանքեց. «Ես, ճիշտն ասած, ողջունում եմ Գերմանիայի քայլը, շատ մարդասիրական, հումանիստական մոտեցում էր: Դրական առումով ազդված եմ նրանց այդ մոտեցումից` 800 հազար փախստականներ ընդունելը չեք պատկերացնի` ինչքան հսկայածավալ ռեսուրսներ է պահանջում: Ապաստան խնդրողները մարդիկ էին, ովքեր կյանքի անվտանգության խնդիր ունեն, այնպես չէ, որ սոցիալապես անապահով էին, եկել են Եվրոպա, որ լավ ապրեն: Ոչ: Նրանց կյանքն էր վտանգված: Գերմանական ժողովրդի արձագանքը ուսանելի է»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան