Իրանցի խորհրդարանական. Թուրքիան հանուն էժան նավթի համագործակցել է «Իսլամական պետության» հետ
«Էրդողանի քայլերի պատճառով Թուրքիան ներքաշվում է ներքին պատերազմի մեջ»,-այդ մասին ԻԻՀ Մեջլիսի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նշել է Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Սաֆար Նաիմի Ռազը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրոպայում փախստականների ընդունման շուրջ ծագած ճգնաժամի պատասխանատուն Իրանն ու Ռուսաստանն են:
Իրանցի խորհրդարանականը, արձագանքնելով Էրդողանի սույն հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Թուրքիայի նախագահն այն դեպքում է նման հայտարարություն անում, երբ Թուրքիան, սահմանակից լինելով Իրաքին և Սիրիային, սերտ համագործակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, երբեմն էժան նավթ գնելու համար ԻՊ-ին աջակցություն է ցուցաբերել, ինչն էլ պատճառ է դարձել, որ այդ ահաբեկչական խմբավորումը տարածվի վերոնշյալ երկու մուսուլմանական պետություններում»:
Անդրադառնալով Թուրքիայում ստեղծված ներքաղաքական անկայուն իրավիճակին՝ ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամը մասնավորապես ասել է. «Էրդողանն առաջին հայացքից թվում է, թե խարիզմատիկ գործիչ է, սակայն նա բնույթով փառասեր է և տառապում է «օսմանամոլությամբ»՝ ոչնչացնելով ճանապարհին հանդիպած ցանկացած խոչընդոտ: Էրդողանն իր գործելաոճը պետք է փոխի: Նա սխալվում է, եթե կարծում է, որ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան կարող են պաշտպանել «Արդարություն և զարգացում կուսակցության» շահերը»: