Նազարյան. Գաղտնիք է համարվում ոչ թե զինծառոյողի մահվան կոնկրետ դեպքը, այլ Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը
Փոխնախարար Արա Նազարյանի պատասխանները «Հայ զինվոր» թերթի հարցերին
Հարց. Արդյո՞ք զոհված զինծառայողների հարազատները կամ քաղաքացիական հասարակության անդամներին արգելվում է տեղեկատվություն ստանալ զինված ուժերում գրանցված մահվան ելքով դեպքերի վերաբերյալ:
Պատասխան. Խոսքը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ. թիվ 9-Ն հրամանով հաստատված «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկին»:
Հարկ է նկատել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում համացանցում հրապարակվում են տեղի ունեցած դժբախտ պատահարների և մահվան ելքով դեպքերի մասին` նշելով նաև դեպքին առնչվող որոշակի հանգամանքներ: Դրա վկայությունն է նաև ՀՀ ՊՆ կողմից վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ տեղակատվության տրամադրումը:
Հետևաբար, այն դիրքորոշումը, որ հրամանով արգելվում է զոհված զինծառայողների հարազատներին կամ քաղաքացիական հասարակության անդամներին տեղեկատվություն ստանալ ԶՈՒ-ում գրանցված մահվան ելքով դեպքերի վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը և հրամանի տրամաբանությանը:
Եվ մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են թե ծնողներին և թե հանրությանը:
Գաղտնիք է համարվում ոչ թե կոնկրետ դեպքը, այլ՝ «Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաև դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի` պայմանավորված ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության փոփոխությամբ»:
Այս հանգամանքն անտեսվում է հրամանի դրույթների՝ յուրովի մեկնաբանման ժամանակ:
Ծնողները զրկված չեն տեղեկատվություն ստանալուց նաև դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի քննության ընթացքում:
Հարց. Ձեր դիրքորոշումը ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ. թիվ 9-Ն հրամանը դատական հայցով վիճարկելու վերաբերյալ:
Պատասխան. ՀՀ քաղաքացիական օրենսդրության համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ և օրենքով սահմանված կարգով: Ուղղակի ցանկալի է, որպեսզի հայցապահանջների իրավական հիմքերը լինեն հիմնավորված:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները