Թուրքիան ներխուժել է Իրաք
Թուրքիան կարճաժամկետ գործողություն է իրականացնում Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ, որի շրջանակներում Թուրքիայի ցամաքային զորքերը ներխուժել են Իրաք: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հղում կատարելով «Ասոշիեթիդ պրես» գործակալությանը:
Թուրքիայի իշխանությունների փոխանցմամբ, զորքերը Իրաքի սահմանը հատել են զինյալներին ձերբակալելու համար, ովքեր մասնակից էին սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած պայթյունին, որին զոհ էր գնացել 16 զինվոր:
Նշենք, որ որ այսօր քուրդ զինյալները Թուրքիայի տարբեր նահանգներում հարձակումներ են գործել ոստիկանների վրա: Իգդիր նահանգում նրանք հարձակվել են Թուրքիա-Նախիջևան սահմանի անցակետի վրա, պայթեցրել ոստիկանական ավտոբուս, ինչի հետևանքով զոհվել է մոտ 13 ոստիկան: Պայթյունը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ թուրքական օդուժն Իրաքի հյուսիսում կրակ էր բացել քրդերի դիրքերի ուղղությամբ: Եվս մեկ հարձակում էլ տեղի է ունեցել Թունջելի նահանգում: Քրդերը կրակել են ոստիկանական մեքենայի վրա, զոհվել է 1 ոստիկան: