Նոր առարկաների շնորհիվ կունենանք ավելի պատրաստված աշակերտներ. նախարար
Հայաստանի հինգ ավագ դպրոցներում կդասավանդվեն «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաները: Ծրագիրը միտված է երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից և գերակա ուղղություններից մեկը հանդիսացող ՏՀՏ ոլորտի զարգացմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Կրթական այս ծրագիրն իրականացվում է ԿԳՆ, ՎիվաՍել-ՄՏՍ, «Սինոփսիս Արմենիա» և «Յունիքոմփ» ընկերությունների համագործակցության շնորհիվ: Սա պետություն մասնավոր համագործակցություն լավագույն օրինակներից մեկն է: Մեր հավակնություններից մեկն այն է, որ ունենանք հայկական կրթական բրենդային նախագիծ, ինչպես նաև ավելի պատրաստված աշակերտներ»,-նշեց Ա. Աշոտյանը:
Նա տեղեկացրեց, որ ընտրվել են հանրապետության առաջատար ֆիզմատ ուղղություններ ունեցող դպրոցները` Գյումրու «Ֆոտոն» վարժարան, «Քվանտ» վարժարան, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի ավագ դպրոց և Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում:
Նախարարի խոսքերով՝ նախատեսվում է, որ հաջորդ տարի ևս տասը դպրոց կմիանա այս ծրագրին:
Հանդիպմանը ներկա ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ընդգծելով ծրագրի կարևորությունն ասաց, որ այս ծրագիրը նոր մոտեցում է, որի հիմքում շատ կարևոր նպատակ կա. «Եթե մտածում ենք մեր ապագայի մասին պետք է սկսենք հենց կորիզից՝ դպրոցից, պետք է ունենանք համապատասխան գիտելիքներով պատրաստված աշակերտներ և ուսանողներ»:
Ռալֆ Յիրիկյանը նկատեց, որ այս ծրագիրը հետագայում նաև սոցիալական խնդիր է լուծելու, որով պետք է մոռանալ արտասահման մեկնելու և այնտեղ աշխատելու մասին:
«Մենք հիմք ենք դնում Հայաստանում որակյալ կրթության մեկնարկի, սա առաջին լուրջ քայլն է: Այս ծրագրի միջոցով մի քանի տարի հետո որակական և արմատական փոփոխությունների ականատեսը կլինենք, բուհերը դպրոցներից կստանան արդեն պատրաստված ուսանողներ»,-նշեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
«Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանն էլ ավելացրեց, որ այս ծրագիրը թույլ կտա ի սկզբանե կատարել ճիշտ մասնագիտական ընտրություն. «Հատուկ ցանկանում եմ ընդգծել մասնակից դպրոցների ուսուցիչների և տնօրենների խանդավառությունը: Հույս ունեմ, որ այն ավելի ծավալուն կլինի մյուս տարի»:
Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսել է հատկացնել շուրջ 70 միլիոն դրամ:
Սինոփսիս Արմենիա ընկերությունն իր ներդրումն է ունեցել «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը, ինչպես նաև իրականացրել է «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում: Յունիքոմփ ընկերությունը մասնակցել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի առարկայական չափորոշիչների և ծրագրի մշակմանը, ինչպես նաև՝ անցկացրել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի ուսուցիչների վերապատրաստում: «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ապահովման և առանձին համակարգչային ցանցերի ստեղծման աշխատանքները գտնվում են իրականացման փուլում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները