Բաղրամյանի դպրոցի տնօրեն. Իրավիճակն այնքան բարդ չէ, ինչպես ներկայացվում է
Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի 37 աշակերտներ այս պահին գտնվում են Արտաշատի հիվանդանոցում: Նրանց բոլորին կաթիլային է միացված: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց դպրոցի տնօրեն Ռուզան Թադևոսյանը:
Տնօրենի խոսքով, արդեն 15 տարուց ավելի դպրոցին սնունդ մատակարարում է «Սարգսյան Գոհար» անհատ ձեռներեցը:
«Ամեն օր ինքը մթերքը բերում է դպրոց, ամեն օր էլ երեխաները օգտվել են: 4-5 երեխա է վատացել, բայց որ շտապ օգնություն կանչեցինք նրանց համար, բժիշկն ասեց, ով կերել է, բոլորին պիտի տանենք: Էն լավ զգացող երեխաներին էլ բերել, պառկացրել են, սիստեմա են միացրել: Հիմա 37 երեխա բերել են, բայց ոչ մի ծանր իրավիճակ չկա, բոլոր երեխաներն ել հանգիստ պառկած են»,-ասաց տնօրենը:
Հարցրեցինք, թե 4-5 երեխայի մոտ ի՞նչ ախտանշաններ են եղել. «Մի քիչ սրտխառնոց է եղել, ոչ հետ են տվել, ոչ մի բան, ընդամնեը 37.1 ջերմություն են ունեցել»:
Դպրոցի տնօրենը հավատացրեց, որ սնունդը ստացել են այսօր առավոտյան, ճաշարանում սառնարան կա, սակայն թարմ մթերքը սառնարան դնելու անհրաժեշտություն չեն տեսել, քանի որ երկու ժամ հետո վաճառվել է:
«Տարբեր բաներ են կերել՝ մեկը կեքս է կերել, մեկը գաթա, մեկը՝ հոթ դոգ: Ես անմիջապես զանգել եմ , եկել են անալիզներ են վերցրել: Ես դպրոցի տնօրենն եմ, անկեղծ եմ ասում, ինձ չի անհանգստացնում, որ Հայաստանով մեկ շուխուռ արեցին, պարզապես հանգիստ եմ, որ երեխաներն իրենց լավ են զգում: Իրավիճակն այնքան բարդ չէ, ինչպես ներկայացվում է»,-ասաց Ռ. Թադևոսյանը:
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն ասաց, որ այս պահին նախարարությունում րոպե առ րոպե նոր տեղեկատվության են սպասում:
«Միայն կարող եմ ասել, որ մեր մասնագետները բակային համայցեր են իրականացնում, ծանր վիճակում գտնվողներ չկան, կան միջին ծանրության դեպքեր»,-ասաց նա:
Նախորդող լուրեր՝
ՍԱՊԾ տեսուչները լաբորատոր հետազոտություն են անցկացնում Բաղրամյանի դպրոցում
Նախնական տվյալներով Բաղրամյան գյուղի դպրոցականները թունավորվել են նրբերշիկով կարկանդակից
Բաղրամյան գյուղում 20 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել է հիվանդանոց
Դպրոցներում վաճառում են արգելված սնունդ՝ չիփսեր ու գազավորված ըմպելիք