Երվանդ Քոչարի հետ երկխոսելու ևս մեկ հնարավորություն՝ Ազգային պատկերասրահում
«Երվանդ Քոչարի արվեստի բազմաշերտությունը ստիպում է մշտապես նոր ցուցահանդեսներ կազմակերպել: Ցանկացած նոր ցուցադրություն նոր երկխոսության հնարավորություն է հեղինակի հետ»,-Հայաստանի Ազգային պատկերասրահում «Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» ցուցահանդեսի բացմանն իր ելույթում ասաց Քոչարի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Քոչարը:
Նրա խոսքով, թեև Ազգային պատկերասրահն ունի Քոչարի ստեղծագործժությունների իր հավաքածուն, բայց այստեղ Քոչարի անհատական ցուցահանդես չի կազմակերպվել:
«Կարծում եմ՝ այս ցուցահանդեսը մեր մշակութային կյանքում ևս մեկ ազդակ կհանդիսանա քոչարյան գլուխգործոցների շուրջ խորհելու մասին: Այս ցուցահանդեսը ներկայացնում է հայ ժողովրդի հերոսական անցյալը, ներկան ու ապագան»,- ասաց Կարինե Քոչարը:
Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսում ներկայացված է Քոչարի փարիզյան և երևանյան շրջանների գեղանկար, գրաֆիկ, քանդակ աշխատանքներ, տարածանկարներ:
Ներկայացված Քոչարի ստեղծած մեզ հայտնի առաջին՝ 1927 թ. տարածանկարը, «Տոտեմ» 1929 թ., «Երևան - Էրեբունի» 1968 թ. տարածական աշխատանքները, փարիզյան շրջանից (1923-1936)` «Հարություն» 1923 թ., «Տեսիլք. Քրիստոսն ու Մարիամ Մագթաղենացին» 1924 թ., «Ընտանիք-սերունդներ» 1925 թ. գեղանկարները և այլ ստեղծագործություններ: Ցուցադրությունում տեղ են գտել նաև անցյալի հերոսականության հանդեպ Քոչարի վերաբերմունքի արտահայտությունը հանդիսացող «Սասունցի Դավիթ» ազգային էպոսի նկարազարդումները, հայ մեծերի՝ Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Ոսկան Երևանցու, Սայաթ Նովայի, Կոմիտասի, Դերենիկ Դեմիրճյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Թումանյանի և այլոց դիմանկարներ:
«Քոչարը քաջատեղյակ էր, որ ազգերին բնաջնջելու համար նախ և առաջ անհրաժեշտ է նրանց զրկել հոգևոր մշակութային արմատներից: 1936 թվականին վերադառնալով խորհրդային Հայաստան՝ Երևան, Քոչարը հայտնվեց մի հասարակարգում, ուր տիրում էր վախի, կեղծիքի, ատելիության, անվստահության մթնոլորտ: Քոչարին համարում ենք ազգային ինքնագիտակցության զարթոնքի ռահվիրա, քանի որ այդ ազգայինը բնաջնջող հասարակարգում նա առավելագույնս նպաստեց ազգային ոգու պահպանմանը, վերահաստատեց ազգային արժեքները»,- ասաց Կարիեն Քոչարը:
ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով, ինչքան էլ ցուցադրվեն Քոչարի գործերը, գովաբանեն նրա արվեստը, քիչ է. «Գործ ունենք մեծ արվեստագետի, հայ կերպարվեստի փառահեղ անձնավորության հետ»:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը համոզված է. «Նույնիսկ այն դժվարությունները, սարսափները, որոնց միջով անցան մեր մեծ արվեստագետները, այնուամենայնիվ, փոխհատուցվելու է իրենց ժամանակի մեջ նմանատիպ ցուցահանդեսների միջոցով՝ վերարժևորելով, վերաիմաստավորելով նրանց արվեստը»:
«Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» ցուցահանդեսը գործելու է մինչև հոկտեմբերի 10-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում