Վարչապետը հանձնարարել է քննարկել ՌԴ քաղաքացիների տեղական անձնագրերով մուտքը ՀՀ ապահովելու հարցը
Գործադիրն իր համաձայնությունն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև միգրացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ կբացի այն ուսանողների, երիտասարդ մասնագետների և որակյալ մասնագետների համար, ովքեր ցանկություն ունեն խորացնելու իրենց գիտելիքները, նոր փորձ և հմտություններ ձեռք բերելու իրենց մասնագիտական ասպարեզներում Ֆրանսիայում ուսանելու և աշխատելու միջոցով: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի նաև Հայաստանից դեպի Ֆրանսիա ուղղվող անլեգալ միգրացիոն հոսքի կանխարգելմանը:
Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվել է նաև ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան դյուրացնելու ուղղությամբ նախատեսվող և իրականացվող քայլերի մասին և հանձնարարել ռուս գործընկերների հետ քննարկել ՌԴ քաղաքացիների տեղական անձնագրերով մուտքը ՀՀ ապահովելու հարցը: «Եթե մենք այդ հարցը լուծենք, ապա ՌԴ շատ քաղաքացիներ առանց խոչընդոտի կգան Հայաստան, ինչը կնպաստի տնտեսության ակտիվությանը և զբոսաշրջության զարգացմանը: Հանձնարարում եմ, որ այս հարցով լրջորեն զբաղվեք և բանակցեք»,- նշել է վարչապետը: