Պատրաստ ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին. «Ժառանգություն»
Սեպտեմբերի 9-ին «Ժառանգություն» կուսակցությունում փակ քննարկում է տեղի ունեցել, որտեղ հիմնական թեման եղել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Կուսակցական ձևաչափով քննարկում չէր, այլ լայն քննարկում, որում հնչած խնդիրների մասին չեմ կարող ասել: Չեմ կարող ասել, թե ովքեր են մասնակցել փակ քննարկմանը: Միայն կարող եմ ասել, որ քննարկումը կապված էր սահմանադրական բարեփոխումների հետ», -ասաց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, «Ժառանգությունը» վաղուց հստակեցրել է իր դիրքորոշումը` միանում է «ոչ»-ի ճակատին և հաջորդ լուծելիք խնդիրը միասնական գործողություններն են:
«Մենք միշտ էլ խոսել ենք միասնական գործողությունների մասին: Այս պահին դժվարանում եմ ասել` կստացվի՞ թե ոչ: Համենայնդեպս, մենք ամեն ինչ անում ենք, որ նմանատիպ միավորում լինի», -փոխանցեց Արմեն Մարտիրոսյանը:
Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «ոչ»-ի ճակատին միանալու պատրաստակամություն են հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը, Ստեփան Դեմիրճյանի՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնած Հիմնադիր խորհրդարանը: Այս առնչությամբ Մարտիրոսյանն ասաց. «Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր սահմանադրական փոփոխություններին դեմ են, դեմ են այս իշխանություններին և նրանց վարած արտաքին ու ներքին քաղաքականությանը»:
Ի դեպ, Մարտիրոսյանն ասաց, որ «Ժառանգություն» կուսակցությունում բոլորը միակարծիք են Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան