Լևոն Հովսեփյան. Թուրքական բանակը լայնամասշտաբ ռազմական գործողություններ կիրականացնի ՔԲԿ-ի դեմ
Թուրքիայում կատարվող իրադարձությունների ու հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:
-Այն, ինչ այս օրերին կատարվում է հարևան երկրում, ըստ Ձեզ, ինչի՞ հետևանք է:
-Այսօր այն պրոցեսները, որոնք կատարվում են Թուրքիայում, հատկապես քրդերի զինյալ գործողությունները, նախընտրական ու հետընտրական իրադարձությունների հետևանք են: Իհարկե, կան տարածաշրջանային գործոններ, որոնք իր ազդեցությունն ունեն ստեղծված իրավիճակի առաջացման վրա, սակայն հիմնականում սա ներքաղաքական պրոցեսների հետևանք է: Ի՞նչ խնդիր է լուծվում սրանով այդ պետության մեջ: Նախ Քրդական բանավորական կուսակցությունը, 2.5 տարվա դադարից հետո վերսկսելով ռազմական ակտիվ գործողությունները, հետագա իր կենսունակության համար փորձում է նոր բազիս ապահովել:
Մյուս կողմից, որքան էլ պարադոքսալ թվա, ստեղծված իրավիճակը դիվիդենտներ է բերում Էրդողանին: Սրանով Էրդողանը փորձում է նախընտրական որոշ խնդիրներ լուծել, ազգայնականության վրա խաղալով, թուրքական հասարակությանը ցույց է տալիս երկրի կայունության և անկայունության միջև առկա հեռանկարը:
-Ստացվո՞ւմ դիվիդենտներ ստանալ:
-Որոշակիորեն հաջողվում է: Վերջին շրջանում Ազգայնական շարժում կուսակցությունից ու այլ ազգայանական կուսակցություններից բարձր մակարդակով տեղաշարժերը դեպի ԱԶԿ վկայում են այդ մասին:
-Հետագայում ի՞նչ զարգացումների կարող ենք ականատես լինել:
-Բարդ է ասել: Բայց կարծում եմ, մինչև նոյեմբերին տեղի ունենալիք արտահերթ ընտրությունները, Թուրքիայում իրավիճակը բավականին լարված կմնա, և թուրքական բանակը լայնամասշտաբ ռազմական գործողություններ կիրականացնի Քրդական բանվորական կուսակցության դեմ, ու ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլև երկրի սահմաններից դուրս, որն արդեն իրականացնում է Իրաքում: Սակայն վերջնարդյունքում սա փակուղային գործընթաց է ՔԲԿ-ի համար: Վերջ ի վերջո երկու կողմերն էլ ստիպված են լինելու նստել բանակցային սեղանի շուրջ՝ անկախ այն բանից, թե պահանջները որքանո՞վ են ընդունելի լինելու կողմերի համար: Այս պարագայում ՔԲԿ-ն ցանկանում է մի նոր նշաձող սահմանել իր համար բանակցային գործընթացի առումով:
-Ո՞րն է լինելու այդ նշաձողը:
-Նախ իր կենսունակության հիմնավորումը, որ ինքը ռազմական առումով կենսունակ է, ու կարող է որոշակի օրակարգ թելադրել: Ինչպիսի՞ ինտեգրված մոտեցմամբ հանդես կգա Ժողովուրդների դեմոկրտական կուսակցության հետ, Թուրքիային իշխանություններին ինչպիսի՞ պայմաններ կառաջադրվեն քրդական գործոնի հիմնախնդրի կարգավորման համար, սրանք բանակցություններին առաջադրվելիք կոնկրետ խնդիրներ են: Դժվար է ասել, թե բանակցությունների արդյունքում ի՞նչ գործընթաց կծավալվի: Սրանք արդեն ընտրություններից հետո ծավալվելիք գործողություններ են:
-Թուրքիայում ծավալվող իրադարձությունները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանի երկրների վրա:
-Մեծ հաշվով եթե դիտարկենք, իհարկե, տարածսշրջանում ցանկացած ռազմաքաղական բնույթի գործընթաց, իրավիճակ, տեղաշարժ անդրադառնում է մեր տարածաշրջանի անվտանգային միջավայրի վրա, իր հետ բերում որոշակի ռիսկեր ու մարտահրավերներ: Եթե դիտարկում ենք կոնկրետ Թուրքիայում ընթացող գործընթացները՝ ՔԲԿ-ի հետ կապված, մեծ ռիսկեր ունեն: Կարող ենք ասել, որ այս գործընթացները որոշակիորեն Թուրքիային մեկուսացնում են տարածաշրջանային գործընթացներից: Որքան Թուրքիան այս պահին առավելապես կողմնորոշվի դեպի ներքին խնդիրներ, օրինակ՝ ՔԲԿ-ի դեմ հակազդեցություն, զինյալ պայքար, այնքան Թուրքիայի դիրքերը կթուլանան տարածաշրջանում: Սակայն սա կարճաժամկետ գործընթացների համատեքստում պետք է դիտարկել:
Լարվածությունը նախընտրական այս ողջ շրջանում կպահպանվի, ինչպես ՔԲԿ-ի գործողությունների, այնպես էլ հասարակական տարբեր շրջանակների, քաղաքական տարբեր ուժերի համակիրների ու խմբավորումների միջև բախումների ձևով: Ազգայնական տարրերի ու խմբավորումների թիրախում է քրդամետ ԺԴԿ, իսկ իշխանություններն ամեն բան կփորձեն անել այդ ուժին ինչ-որ կերպ չեզոքացնելու համար:
Այդուհանդերձ, Թուրքիայում ընթացող ներքին իրադարձություններն ընդհանուր առմամբ ազդում են տարածաշրջանի անվտանգային միջավայրի վրա, այդ թվում և Հայաստանի: Պատահական չէ, որ մեր ռազմական դոկտրինում ամրագրված է, որ Հայաստանի սահմանակից տարածքներում ցանկացած ռազմական գործողություն, կոնֆլիկտ, ռազմական տեղաշարժեր այս կամ այն կերպ՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում են Հայաստանի անվտանգային միջավայրի վրա, այսինք որոշակի ռիսկեր պարունակում են: Կարծում եմ, որ այս առումով աշխատանքներ տարվում են ու ռիսկերը գնահատվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան