Yerevan Jazz Fest՝ հայկական ջազի բարի ավանդույթները վերականգնելու առաջին քայլը. ասոցիացիայի նախագահ
«Ջազի հայկական նորաստեղծ ասոցիացիան նպատակ ունի բավականին կարճ ժամանակում վերականգնել հայկական ջազի բարի ավանդույթներն ու համբավը, հասնել նրան, որ Երևանը կրկին համարվի ջազի մայրաքաղաք: Այդ ճանապարհին ասոցիացիայի առաջին քայլն է Yerevan Jazz Fest 2015 փառատոնի կազմակերպումը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը:
Նա տեղեկացրեց, որ որ Yerevan Jazz Fest 2015-ը բաղկացած է լինելու երեք համերգից, որոնք տեղի են ունենալու սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Փառատոնին մասնակցելու են կատարողներ Հայաստանից, Արցախից, Վրաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ավստրիայից և Լիբանանից:
Ասուլիսին ներկա ասոցիացիայի խորհրդի անդամ Վազգեն Ասատրյանն ասաց, որ Երևանում արդեն ինը տարի է ջազ փառատոն չի անցկացվել:
«Մենք պետք է փորձենք այս փառոտոնը դարձնել ամենամյա»,- շեշտեց նա:
Ջազ կատարող Վահագն Հայրապետյանը հույս հայտնեց, որ փառատոնը նոր էջ կբացի հայկական ջազային կյանքում. «Բոլորս անհամբեր սպասում ենք փառատոնին: Հույս ունեմ՝ այն իր տեղը կգտնի մեր երկրի մշակութային կյանքում ու կլինի շարունակական»:
Սեպտեմբերի 17-ին ջազ փառատոնը կբացեն Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Երվանդ Երզնկյան), Արցախի ջազ նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Տիգրան Լալայան), Նինո Կատամաձեն իր «Insight» խմբով (Վրաստան), Լորեն Ռոբինը (Ֆրանսիա), Աբրահամ Գումրոյանը (ԱՄՆ), Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան), Արթուր Սաթյանը (Լիբանան), Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանն ու Կարեն Մամիկոնյանը:
Սեպտեմբերի 18-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԱՄՆ-ից ժամանած Ռիչարդ Բոնա բենդի համերգը: Բենդի կազմում հանդես կգան Ռիչարդ Բոնան, Էթյեն Ստեդվիկը, Լյուդվիգ Աֆոնսոն, Լի Գրինբլատն ու Ադամ Սթոլերը:
Սեպտեմբերի 19-ին երեկոն կբացի Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Արմեն Հյուսնունց), ինչպես նաև կատարումներով հանդես կգան Մարիամ և Արմեն Մերաբովները (Ռուսաստան), Էռնա Յուզբաշյանը և Հյուբերտ Թաբսը (Ավստրիա):
Կամո Մովսիսյանը նշեց, որ իրենք այս փառատոնից հետո աշխատելու են այն ուղղությամբ, որպեսզի Արցախի ջազ բենդը համերգներով հանդես գա նաև այլ երկրները. «Հասկանալի է, քաղաքական հարցեր կան այստեղ, բայց մեր երաժիշտներն իրենց կապերի միջոցով կփորձեն հասնել նրան, որ արցախցի երաժշիտները հանդես գան ոչ միայն Երևանում, նաև այլ երկրներում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում