Ազգային ժողովը ավելի շատ օրենք է ընդունել արտահերթ նիստերում, քան հերթական. Մոնիտորինգ
Ազգային ժողովի 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանն առանձնահատուկ նրբագծերով աչքի չի ընկել, եթե չասենք, որ նախորդների համեմատ ավելի անհետաքրքիր էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը` ներկայացնելով խորհրդարանի աշխատանքի մոնիտորինգի տվյալները:
Ըստ այդ տվյալների, այս նստաշրջանում ևս պահպանվել են նախորդ նստաշրջաններին հատուկ ոչ լավ ավանդույթները` խորհրդարանը ավելի շատ օրենք է ընդունել արտահերթ նիստերում, քան հերթական:
«Սա միտում է, որը բնորոշ է այս խորհրդարանին ու արձանագրվում է յուրաքանչյուր նստաշրջանում. ընդունված 112 օրենքներից 61-ը խորհրդարանն ընդունել է արտահերթ նստաշրջանների ընթացքում»,-ներկայացրեց Վասիլյանը` շեշտելով, որ բոլոր հրավիրված արտահերթ նստաշրջանների նախաձեռնությունը եղել է կառավարությանը:
Ըստ ծրագրի ղեկավարի, հենց արտահերթ նստաշրջանների ժամանակ էլ քննարկվել ու ընդունվել են վիճահարույց ու բուռն քննադատության արժանացած օրենսդրական նախաձեռնություններ, վարկային համաձայնագրեր: