Էլէներգիայի սակագնի հիմնավորվածության մասին եզրակացությունը կտրվի սեպտեմբերի վերջին
Մինչև սեպտեմբերի 20-ը ՀՀ կառավարությունը կփոխհատուցի էլեկտրաէներգիայի թանկացման դիմաց սուբսիդավորումը: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով ներկայացնելով այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը:
Նախարարի խոսքերով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և ՀԷՑ-ի հետ ճշտվում են ՓՄՁ-ի ու ազգաբնակչության սպառած էլեկտրաէներգիայի ցուցակները:
«Մինչև շաբաթվա վերջ ծավալները հայտնի կլինեն, իսկ փոխհատուցումները կվճարվեն մյուս շաբաթվա ընթացքում՝ մինչև սեպտեմբերի 20-ը»,- ասաց Ե.Զախարյանը:
ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ ասաց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում իրականացվող խորհրդատվության առաջին փուլի աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի վերջին, երկրորդ փուլի աշխատանքները՝ հոկտեմբերի, երրորդ փուլինը՝ նոյեմբերի վերջին:
Ըստ փոխվարչապետի՝ Deloitte ընկերությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել աշխատանքներին:
«Երկուշաբթի տեղի են ունեցել հանդիպումներ ՀԾԿՀ-ում, իսկ երեկ՝ կարգավորող ընկերությունների հետ: Այժմ ինձ մոտ է պայմանագիրը, որի հիման վրա էլ խորհրդատվություն իրականացնող ընկերությունը պետք է աշխատի»,- ասաց նա:
Առաջին փուլում տրվելու է ամբողջ արտադրական շղթայի վերլուծությունը՝ սկսած արտադրությունից մինչև սպառող՝ 2010-2015թթ համար, էներգետիկ հաշվեկշռի և ՀԾԿՀ-ի կողմից սահմանվող սակագների գործընթացի վերլուծությունը, այդ թվում՝ հայտերի ընդունման, սակագների վերանայման պատճառների, դրանց վերանայման պարբերականության, ներկայացված հայտերի փոփոխության մեխանիզմների և կարգավորող հանձնաժողովի կողմից վերլուծության ենթարկվող ամբողջական ուսումնասիրության:
«Կկատարվի նաև ընկերությունների կողմից հանձնաժողովին տրամադրված սակագների փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի վերլուծություն, այդ թվում՝ որքանով են դրանք հիմնավորված»,- ասաց Վ.Գաբրիելյանը:
Պատասխանելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին՝ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ սակագնի ճշտության շուրջ եզրակացությունը պետք է տրվի խորհրդատվության առաջին փուլում: Եզրակացություն կներկայացվի 2015-2016թթ սակագների, ինչպես նաև կգնահատվեն դրանց փոփոխության հիմավորվածության վերաբերյալ կարգավորող հանձնաժողովի գործողությունները, հանձնաժողովի կողմից սակագնի չբարձրացման վերաբերյալ որոշման հետևանքները:
«Սրանք այն եզրակացություններն են, որոնք ըստ պայմանագրի պետք է տրվեն առաջին փուլի վերջում»,- նշեց Վ.Գաբրիելյանը:
Հովիկ Աբրահամյանն իր հերթին առաջարկեց, որպեսզի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացնի մինչ խորհրդատվության ավարտը քաղաքացիների և ՓՄՁ-ների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փոխհատուցման ծավալների ճշգրտման գործընթացը:
«Սրա մասին հանրությանը պետք է տեղեկացնենք, խորհրդատվության աշխատանքների մասին նույնպես, քանի որ թյուր տեղեկատվություն են տարածում, որ որևէ բան չի արվում: Կառավարությունն ինչ պարտավորություն վերցրել է իր վրա, բոլորն իրականացվում են ըստ ժամկետների, և ըստ պատասխանատվության սրա մասին հանրությունը պետք է իմանա»,- ասաց Աբրահամյանը: