Վարդան Պետրոսյանն այսօր առավոտյան գնացել է աշխատանքի
Դերասան Վարդան Պետրոսյանն այսօր առավոտվանից գնացել է աշխատանքի: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱՆ Քրեակատարողական վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը:
Նրա խոսքով, ԱՆ ՔԿՎ-ն հաստատել է դերասան Վարդան Պետրոսյանին աշխատանքի ընդունելու նպատակով «Օվացիա» պրոդյուսերական ընկերության պայմանագիրը:
Նշենք, որ Վարդան Պետրոսյանն այսուհետև իր պատիժը կրելու է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, բաց ռեժիմով: Բաց ռեժիմի պայմանների դեպքում կալանավորները ՔԿՀ տարածքից դուրս են գալիս առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 20.00-ն բաց են թողնվում քրեակատարողական հիմնարկից ու այդ ընթացքում ազատ են իրենց գործողությունների մեջ: Իսկ երեկոյան նշված ժամին նրանք պետք է վերադառնան կալանավայր և գիշերեն այնտեղ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Վարդան Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ: Նրա նկատմամբ պատիժ է նշանակել` ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվել 2013թ. նոյեմբերի 6-ից:
Հարակից հրապարակում`
Վարդան Պետրոսյանը կաշխատի թատրոնում, իսկ երեկոյան պատիժը կկրի «Վարդաշեն»-ում