Ֆինանսական աղբյուրների բազմազանեցումն առաջնային նշանակության խնդիր է. Ա. Աշոտյան
Բուհն ապահովվել է ժամանակակից ենթակառուցվածքներով՝ համալսարանում փաստացի բացվել է երեք ժամանակակից լաբորատորիա և մեկ դիզայն ստուդիա: Ընդհանրապես մեր բուհերի համար ենթակառուցվածքների զարգացումն առաջնային կարիք է համարվում: Այս մասին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում շրջակա միջավայրի, ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնհարցերի ուսումնագիտական լաբորատորիայի բացման ժամանակ: Տեղեկացնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
«Այդ է պատճառը, որ դեռևս երկու տարի առաջ մենք ծրագիր ենք մշակել՝ զարկ տալու այնպիսի ենթակառուցվածքների ներդրմանը, որոնք ամուր կապեր կստեղծեն կրթության և արտադրության միջև: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ներդրված սարքավորումները, ինչպես տեսաք, կարող են շատ հանգիստ կիրառվել նաև արտադրության մեջ: Նպատակն այն է, որ ուսանողները ստանան ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև ձեռք բերեն գործնական հմտություններ՝ աշխատելու ժամանակակից սարքավորումներով և ունենան պրակտիկ հմտություններ՝ հետագայում առևտրայնացնելու իրենց գիտելիքները: Շատ կարևոր է, որ բուհերն իրենք էլ կարողանան բիզնես բաղադրիչի զարգացմանը տեմպ տալ: Մեր բուհերի մեծ մասն այսօր ֆինանսավորվում են կամ պետական բյուջեից, կամ էլ ուսանողների վճարած վարձավճարներից: Ֆինանսական աղբյուրների բազմազանեցումը մեզ համար շատ կարևոր ու առաջնային նշանակության խնդիր է»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ ՃՇՀԱՀ-ում բացված լաբորատոր կենտրոնները հերթականն էին:
ԿԳ նախարարն ու մյուս հյուրերը շրջել են ՃՇՀԱՀ նորաստեղծ լաբորատորիաներում և դիզայնի ստուդիայում, ծանոթացել կատարված աշխատանքներին և նորոգված ու ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցված ուսումնական լսարանների պայմաններին:
Ռեկտոր Գագիկ Գալստյանը ներկայացրել է նոր սարքավորումների հնարավորությունները, ինչպես նաև համալսարանում կատարված հիմնանորոգման կապիտալ աշխատանքները, որոնք իրականցվել են ՀԲ Կրթության որակ և համապատասխանություն վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ՀՀ կառավարության աջակցությամբ ու բուհի միջոցներով: Կարևորելով կատարված աշխատանքը՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում հատուկ ընդգծել է որ, ՃՇՀԱՀ-ում կատարված աշխատանքը լավ նախադեպ է կառավարության, վարկային ծրագրի և բուհի միջոցների համադրմամբ՝ կրթության և արտադրության համար առաջնային նշանակության տեխնոլոգիաներ ապահովելու տեսանկյունից:
Ընդհանուր առմամբ նման կենտրոններ բացվել են նաև Հայաստանի մոտ տասը բուհերում: Նախարարի խոսքով Հայաստանի բուհերի զարգացման համար գերակա խնդիր է միջազգային ծրագրերից արդյունավետ օգտվելը, որը կարող է լուրջ խթան հանդիսանալ վերջինների ֆինանսական վիճակի բարելավման համար:
«Աշխարհում շատ մեծ տարածում ունեցող տարբերակներից մեկն էլ հաջողակ շրջանավարտների ֆինանսական աջակցությունն է իրենց մայր բուհերին, որը Հայաստանում դեռևս ընդունված ավանդույթ չէ: Արևմտյան Եվրոպայում բուհերի ֆինանսավորման բեռի մեկ երրորդն իրենց վրա են վերցնում հաջողությունների հասած շրջանավարտները: Մեզ մոտ այդ ցուցանիշը 1-2 տոկոսից ավելի չի կազմում»,- հավելել է Ա. Աշոտյանը:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ բուհերում նոր լաբորատոր կենտրոնների ստեղծումը մեծ պահանջարկ ունի: Հաշվի առնելով այս հանգամանքը, ՀՀ ԿԳՆ-ն հայտարարել է մոտ 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նոր մրցույթ ևս 5 նման ծրագրի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները