«Օձունի գանձերը». Լոռիում փառատոնը կմեկնարկի վաղը
Սեպտեմբերի 12-ին՝ շաբաթ օրը Լոռու մարզում` Օձունում, տեղի կունենա «Օձունի գանձերը» չորրորդ միջհամայնքային հանդիպումը:
Կազմակերպիչների փոխանցմամբ, փառատոնի ընթացքում մասնակից 15 համայնքները կներկայացնեն իրենց բնամթերքը ցուցահանդես-վաճառքում, կցուցադրեն տնական օղու պատրաստման արվեստը, ինքնաեռով տեղական անուշաբույր խոտաբույսերից և հատապտուղներից հայկական զովացուցիչ ըմպելիքի՝ «Արմենիտո»-ի պատրաստման եղանակը, մի շարք մշակույթային միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր, լարախաղացների հիանալի ելույթ։ Միջոցառումը վարում է Վաչե Թովմասյանը/«Վիտամին» ակումբի երգիծաբան Վաչեն/։ Փառատոնի հատուկ հյուրերն են բելգիացի ձեռներեց «Կանաչ բիզնես» կոնցեպտի ջատագովներից Ստան Իդելսենը և հայազգի աշխարհահռչակ շեֆ-խոհարար, Միշլենի 2 աստղակիր Ալեն Ալեքսանյանը, որը կներկայացնի «Արմենիտո»-ն և ոչ միայն։
Փառատոնը կազմակերպվում է G2iA (Հայկական միջմասնագիտական միջազգային խմբավորում) ֆրանսիական կազմակերպության կողմից՝ Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնի և ՀՀ միջև ապակենտրոնացված համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակներում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Լոռու մարզպետարանի, մասնակից գյուղերի գյուղապետարանների աջակցությամբ։ Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնը 2008 թվականից Հայաստանի համայնքների միության հետ իրականացնում է տարածքային զարգացման ծրագրեր։
Փառատոնի նպատակն է վերաարժևորել Օձունի և հարևան գյուղերի տեղական արտադրության մթերքները և պատմամշակութային ժառանգությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա