Այս տեսքով Սահամանդրության նախագծին դեմ եմ. Էդմոն Մարուքյան
«Սահմանադրական փոփոխությունների նախագծում ինձ համար կարևոր է, թե ինչ փոխզսպման մեխանիզմներ ենք ունենալու օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների գործունեության առումով, քան քաղաքական մեծամասնությունը ֆիքսելու կամ չֆիքսելու դրույթները, որոնք մարդկանց առօրյայի վրա ազդեցություն չեն ունենալու»,-այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա ասաց, որ իր առաջարկները, որոնք ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, վերաբերել են մարդու իրավունքներին, ընտրական համակարգերի բարելավմանը, սակայն առայժմ հայտնի չէ, թե մասնագիտական հանձնաժողովը դրանցից որոնք կընդունի կամ կընդունի՞, թե՞ ոչ:
«Մանրամասն քննարկումների արդյունքում ես իմ վերջնական դիրքորոշումը կհայտնեմ, բայց այս տեքսով նախագծին դեմ եմ», -հավելեց Մարուքյանը` նկատելով, որ վերջնական դիրքորոշումը հայտնի կդառնա ԱԺ լիագումար նիստում Նախագծի քննարկումների արդյունքում:
Մարուքյանի մտահոգություններից մեկը մասնավորապես, վերաբերում էր պատգամավորների վերաբերյալ ձևակերպմանը. Գործող Սահամանդրության մեջ «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով և առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով» ձևակերպումը փոխարինվել է հետևյալ ձևակերպմամբ. «ոչ ոք պատգամավորին չի կարող տալ ցուցում»: «Սա շատ անհասկանալի ձևակերպում է և էլ ավելի անհասկանալի է, թե ինչու է հանձնաժողովը որոշել փոփոխել այն», -քննարկման ժամանակ դիմելով Սահմաանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին ասաց Մարուքյանը:
Ի պատասխան Պողոսյանը պատրաստակամություն հայտնեց վերաձևակերպումներ անել: