Խորհրդարանական կառավարման համակարգը հայ ժողովրդի միակ փրկությունն է. Արծվիկ Մինասյան
Խորհրդարանական կառավարման համակարգը հայ ժողովրդի համար փրկություն է: Այդ մասին այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա շեշտեց, որ Դաշնակցության ներկայացրած առաջարկությունների մի մասն ընդունվել է և իրենք կողմ են Նախագծին:
«Երբ մենք խոսում ենք քաղաքական մենաշնորհի մասին, փորձենք հասկանալ` իսկ այսօրվա գործող Սահմանադրությունը տալի՞ս է շանս` երբևէ ազատվելու այդ քաղաքական մենաշնորհից: Այս ամբողջ վերլուծության եզրակացությունն այն է, որ այս գործող համակարգը չի տալիս այդ շանսը, այդ պատճառով առաջարկվում է կատարել փոփոխություն, որպեսզի բոլորը ստանան այդ հնարավորությունը` ազատվել քաղաքական մենաշնորհից: Ի՞նչ անենք, հրաժարվե՞նք այդ հնարավորությունից ու ասենք՝ ամեն ինչ լա՞վ է:
Եթե փոփոխություն ասելով, նկատի ունեք միայն երկրի նախագահին, ուրեմն ավելի լավ է` հրաժարվենք այդ պոստից: Չէ՞ որ եթե ասում ենք իշխանությունը պատկանում է ժողովրդին, ապա այն չի կարող մեկ անձի տեսքով ներկայանալ: Դրա համար խորհրդարանական կառավարման համակարգը հայ ժողովրդի միակ փրկությունն է:
Չպետք է սպասել, որ սահմանադրական ճգնաժամ լինի, որ նոր իրականացվեն սահմանադրական փոփոխություններ: Չպետք է մտածել, որ եթե որևէ մեկի մանկության երազանքն է նախագահ դառնալը ու հանկարծ այդ պաշտոնը վերանում է, ուրեմն մարդկանց մանկության երազանքը փլուզվում է: Ոչ, պետք է փոխել այդ մանկության երազանքը, որ յուրաքանչյուրը հասկանա, որ ներգրավվելով կառավարման համակարգում, հնարավոր է նպաստել երկրի բարեկեցությանը: Մենք համոզված ենք, որ այս փոփոխությունները կարող են ստեղծել իրական հիմք ժողովրդավարական հիմքերի ձևավորման համար»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
Նա ասաց, որ իրենց կարծիւքով, Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած լուծումներով հնարավոր կլինի ապահովել բազմակարծության մթնոլորտի հիման վրա ստեղծված, ազատ ընտրություններով ձևավորված Ազգային ժողով, որն էլ կձևավորի գործադիր իշխանություն՝ ապահովելով կայուն զարգացում:
Նախորդող հրապարակումներ`
Այս տեսքով Սահամանդրության նախագծին դեմ եմ. Էդմոն Մարուքյան
Սահմանադրության նախագծի տեքստում 2-րդ փուլը կլինի ոչ պարտադիր
Սահմանադրության նախագծով վերարտադրվելու մասին թեզը հիմնավորում չունի. Պողոսյան
Սահմանադրության նախագիծը մեծացնում է ժողովրդի դերակատարությունը կառավարություն ձևավորելու հարցում. Վարդան Պողոսյան
Ներկայացված է ոչ թե նոր, այլ Սահմանադրության փոփոխված նախագիծ