ՌԴ ԿԲ-ն պատրաստվում է նավթի գնի 40 դոլարից ցածր մակարդակին
ՌԴ Կենտրոնական բանկը ուրբաթ օրը ներկայացրել է ռուսական տնտեսության զարգացման նոր սցենարները, որոնք հրապարակվել են «2016-2018թթ-ին դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունները» փաստաթղթում: Նախատեսված սթրեսային սցենարի համաձայն` նավթի գինը մեկ բարելի դիմաց 40 դոլարից ցածր մակարդակում է գտնվելու, իսկ 2016թ-ին ինֆլյացիան կազմելու է 7-9%: Այս մասին հաղորդում է «Ռուսական բիզնես ալիքը»:
Վատագույն սցենարը նաև նախատեսում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պահպանում առաջիկա երեք տարիների ընթացքում` առանց դրանց մասշտաբների և ազդեցության նշանակալի փոփոխության, այս մասին նշել է Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան:
«Սթրեսային սցենարի իրականություն դառնալու դեպքում ՌԴ տնտեսության անցումը դեպի աճի հետագիծ հնարավոր կլինի միայն 2018թ-ին», - նշել է Նաբիուլինան: «Ռիսկային սցենարի համաձայն` արտաքին անբարենպաստ գործոնները կբերեն ներդրումային և սպառողական ակտիվության էլ ավելի ուժեղ և շարունակական անկման: ՀՆԱ-ի անկումը կարող է խորանալ 2016թ-ին և շարունակվել 2017-ին», - հայտնել է ԿԲ նախագահը: Նման պարագայում կարիք է լինելու իրականացնել ավելի խիստ դրամավարկային քաղաքականություն:
Ավելի վաղ ՌԴ ԿԲ-ն իր վատագույն կանխատեսումներում Urals ապրանքանիշի նավթի գինը հաշվարկում էր 40 դոլարով առաջիկա երեք տարվա համար: