Գլոբալ հիմնադրամը կշարունակի աջակցել տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերի իրականացմանը
Մեզ մտահոգում է Միջին Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ՄԻԱՎ-ի, ինչպես նաև տուբերկուլոզի և հեպատիտ Ց-ի վարակվածության տարածման իրավիճակը։ Այս մասին նշել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով Նիդեռլանդների Թագավորության դեսպան, Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության սոցիալական զարգացման վարչության պետ Լամբերտ Գրիյնսը՝ այսօր հանդիպելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանին, հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Նա նշել է, որ Հայաստանում նվազել է ՄԻԱՎ-ի տարածվածությունը թմրամոլների շրջանում։ Ավելին` Հայաստանին առաջարկվել է 2018թ. Ամստերդամում կայանալիք համաժողովում ներկայացնել այս ոլորտում ունեցած իր փորձը, որից դասեր կքաղեն տարածաշրջանի մյուս երկրները։
Վահան Պողոսյանը ևս նշել է, որ բազմաթիվ ծրագրերի իրականացման արդյունքում Հայաստանը ոչ միայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման, այլև տուբերկուլոզի դեմ պայքարի ոլորտում որոշակի առաջընթաց է ապահովել։ Դրանում մեծ դերակատարություն ունի դոնոր կազմակերպությունը` ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամը։
«Մեր հաջողությունները բարձր գնահատականի են արժանացել ինչպես Գլոբալ հիմնադրամի, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Մեզ համար շատ կարևոր է, որ այդ ցուցանիշներն առաջիկայում ևս պահպանվեն»,-ասել է փոխնախարարը` հավելելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, թեև դեռևս ոչ լիովին բավարար չափով, բայց մասնակցություն է ունենում այդ ծրագրերի ֆինանսավորմանը։
Մինչև 2018թ. Գլոբալ հիմնադրամը դեռևս կաջակցի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման և տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերի իրականացմանը։ Սակայն դժվարություն է առաջացրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ հակազդման ծրագրի ֆինանսավորման կրճատումը։ Կարևորվել է, որ հիմնադրամը, որի խորհրդի անդամը և դոնորներից մեկն էլ հենց Նիդեռլանդների Թագավորությունն է, Հայաստանում շարունակի իր առաքելությունն այս երկու ծրագրի ուղղությամբ։
Լամբերտ Գրիյնսի առաջարկով Վահան Պողոսյանը ներկայացրել է նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխման նպատակով նախարարության նախաձեռնությամբ կատարված օրենսդրական փոփոխության մանրամասները։ Վահան Պողոսյանը նշել է, որ առողջապահության նախարարի հանձնարարությամբ ձևավորված հանձնաժողովն աշխատանք է տանում երկրում հեպատիտ Ց-ի դեմ պայքարի, դրա կանխարգելման և բուժման ազգային պետական ծրագրի մշակման ուղղությամբ։ Փոխնախարարն առաջարկել է, որպեսզի Գլոբալ հիմնադրամը նոր մոտեցումներ ձևավորի ողջ աշխարհում հեպատիտ Ց-ի տարածվածության կանխման և հաղթահարման գործում։
«Մենք հույս ունենք, որ Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունքում ստացված բարձր ցուցանիշները առաջիկայում հիմք կհանդիսանան, որպեսզի Գլոբալ հիմնադրամը շարունակի աջակցել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման և տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերին»,-հանդիպման վերջում ասել է փոխնախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում